Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն շնորհավորական ուղերձեր են հղել Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առիթով։
Վեհափառ հայրապետի խոսքով՝ անցած տարիներին հայրենիքն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, սակայն ժողովուրդը, անգամ մեծ զոհողությունների գնով, շարունակել է հայրենաշինության առաքելությունը։
Ամենայն Հայոց կաթողիկոսը նշել է, որ ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և համախմբվել հայրենիքի շուրջ՝ ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար։ Նա հորդորել է հավատարիմ մնալ ազգային-հոգևոր արժեքներին, պաշտպանել ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի իրավունքը և միասնաբար կերտել արդար ու համերաշխ հասարակություն։
«Ամուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը, հավատարիմ մնանք ազգային-հոգևոր մեր արժեքներին և միասնաբար կերտենք արդար, օրինահարգ, համերաշխ հասարակություն՝ հանուն մեր ապահով ու լուսավոր ապագայի»,- նշել է նա։
Արամ Ա-ն իր պատգամում նշել է, որ անկախությունն աստվածատուր պարգև է և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկը, որը պահանջում է հավատարմություն, հավատք, կամք և պայքար։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդգծել է, որ անկախությունը հայրենիքի հզորացման, զարգացման և հայ ժողովրդի հավերժության աղբյուրն է։ Նա նշել է, որ Անկախության տոնը պատգամ է հայրենիքում և Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի՝ հավատարիմ մնալու անկախությանը՝ որպես սրբազան արժեքի։
«Հայաստանի անկախութեան նշումը պատգամ մըն է ուղղուած իւրաքանչիւր հայուն՝ հաւատարիմ ըլլալու անկախութեան որպէս սրբազան արժէք»,- նշել է Արամ Ա-ն։
Հայաստանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նշում է Անկախության 35-րդ տարեդարձը։ 1991 թվականի այս օրը հանրաքվեով Հայաստանի քաղաքացիները քվեարկել էին Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







