Հայաստանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նշում է Անկախության 35-րդ տարեդարձը։ 1991 թվականի այս օրը Հայաստանի քաղաքացիները հանրաքվեով քվեարկել էին Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
Անկախության ճանապարհն սկսվել էր 1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել էր Անկախության հռչակագիրը։ Փաստաթուղթը հիմք է դրել անկախ պետականության հաստատման գործընթացին, որն իր հանգուցալուծմանն էր հասել 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։
Հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 99%-ը, կողմ էր քվեարկել անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա Հայաստանը հռչակվել էր անկախ պետություն, իսկ սեպտեմբերի 21-ը սահմանվել որպես Անկախության տոն։
Անկախության հռչակումից հետո Հայաստանը ձևավորել է պետական կառավարման սեփական համակարգը, ստեղծել զինված ուժեր, դիվանագիտական հարաբերություններ հաստատել աշխարհի տարբեր երկրների հետ և անդամակցել միջազգային կազմակերպություններին։
Անկախության 35 տարիների ընթացքում Հայաստանը բախվել է պատերազմների, քաղաքական ու տնտեսական ճգնաժամերի և այլ ծանր փորձությունների։ Անկախության օրը նաև առիթ է հիշելու այն մարդկանց, ովքեր զոհվել են Հայաստանի պաշտպանության և պետականության պահպանման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







