Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վերջին երկու օրվա ընթացքում ոչնչացրել է «50 ահաբեկչական բազա», և որ դա «ընդամենը Գազան գրավելու իր գործողության նախերգանքն է», փոխանցել է The Times of Israel-ը։
«Մի քանի օր առաջ խոստացել էի, որ կոչնչացնենք Գազայի ահաբեկչական բազաները։ Սա հենց այն է, ինչ մենք անում ենք։ Վերջին երկու օրվա ընթացքում դրանցից 50-ը ոչնչացվել են։ Ռազմաօդային ուժերն են քանդել դրանք։ Սա ընդամենը հիմնական ինտենսիվ գործողության նախերգանքն է՝ մեր ուժերի ցամաքային մանևրի, որոնք այժմ կազմակերպվում և հավաքվում են Գազայում»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելցի զինվորականները վերահսկողություն են հաստատել Գազա քաղաքի 40%-ի նկատմամբ և մտադիր են շարունակել հարձակողական գործողությունները։
Օգոստոսի կեսերին Իսրայելը նոր հարձակում էր սկսել Գազայի հատվածի քաղաքային մասի վրա՝ այն ամբողջությամբ գրավելու ծրագրով։ Իսրայելն օգոստոսի 28-ին դադարեցրել էր մարտավարական հրադադարը՝ Գազա քաղաքը հայտարարելով վտանգավոր մարտական գոտի:






































