«Երևան Ուելնես» մարզաառողջարարական համալիրում երեխաների ինքնազգացողությունը վատացել է լողավազանի ջրում քլորի բարձր պարունակության պատճառով, 24News-ին հայտնել են համալիրից։
«Ջրի մեջ քլորի չափաբաժինը շատ էր, երեխաների ինքնազգացողությունը մի պահ վատացել է, շտապօգնություն ենք կանչել, որ առաջին բուժօգնություն ցույց տան։ Բայց անգամ դրա կարիքը չկար, բոլորը լավ են, իրենց լավ են զգում, ոչ ոք չի հոսպիտալացվել»,- հայտնել են համալիրից։
MakaryanNews-ի տեղեկություններով՝ մարզահամալիր շտապօգնության մեքենա է ժամանել։ Նախնական տեղեկություններով՝ լողավազանում գտնվող երեխաների ինքնազգացողությունը վատացել էր։
Ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը News.am-ին հայտնել է, որ համալիրում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի, որոնցից 4-ը երեխաներ են, մեկը՝ մեծահասակ։
«Մեծահասակը համալիրի աշխատակիցներից է, ազգությամբ՝ հնդիկ։ Նրա մոտ արձանագրվել է աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, օդի անբավարարության զգացում: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ծնողները հրաժարվել են երեխաների հոսպիտալացումից»,- մանրամասնել է Ազարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







