Կառավարությունը 2026 թվականի պետական բյուջեում 29,3 մլրդ դրամի վերաբաշխում կկատարի՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կուտակված պարտավորությունները մարելու և ապահովագրավճարների պետական սուբսիդավորումը շարունակելու համար։ Որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 12-ի նիստում։
Նախագծով նախատեսվում է 19,08 մլրդ դրամ հատկացնել Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը հատկացված միջոցներից, ևս 10,22 մլրդ դրամ՝ Ֆինանսների նախարարության «Կառավարության պարտքի սպասարկում» միջոցառումից։
Հիմնավորման համաձայն՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրավճարների սուբսիդավորման պարտքը հոկտեմբերի դրությամբ կազմել է 9,35 մլրդ դրամ։ Կանխատեսվում է, որ մինչև դեկտեմբերի 1-ը այն կհասնի 24,15 մլրդ դրամի։
Առանձին ներկայացված են վարձու աշխատողների ապահովագրավճարների սուբսիդավորման տվյալները։ Հունվար-սեպտեմբերին պետության կողմից սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 11,69 մլրդ դրամ։ Այս ուղղությամբ առկա պարտքը 1,59 մլրդ դրամ է, որը մինչև դեկտեմբերի 1-ը, ըստ կանխատեսման, կհասնի 5,16 մլրդ դրամի։
Այսպիսով, երկու ուղղություններով կանխատեսվող ընդհանուր պակասորդը կազմում է մոտ 29,3 մլրդ դրամ։ Միջոցները նախատեսվում է փոխանցել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ ստանձնած պարտավորությունները կատարելու համար։
Նախագծով առաջարկվում է նաև 145 957-ով ավելացնել առողջության համընդհանուր ապահովագրության շահառու և պետական սուբսիդիա ստացող վարձու աշխատողների թվի տարեկան արդյունքային ցուցանիշը։
Օրենսդրական կարգավորումներով՝ ապահովագրված բնակչության համապատասխան խմբերի համար պետությունը հիմնադրամին ամսական փոխանցում է յուրաքանչյուր անձի հաշվով 10 800 դրամ, իսկ վարձու աշխատողների ապահովագրավճարների սուբսիդավորման համար՝ 6000 դրամ։
Առանձին որոշման նախագծով կառավարությունը նախատեսում է ևս 4,3 մլն դրամ վերաբաշխել «Առողջապահության որակի բարելավման ծրագրի» շրջանակում իրականացված վարկային ծրագրի 2024-2025 թվականների արտաքին աուդիտի ֆինանսավորման համար։
Նախագծի հիմնավորմամբ՝ 2026 թվականի պետական բյուջեով այդ աուդիտի համար միջոցներ նախատեսված չեն եղել։ Գումարը նախատեսվում է հատկացնել «Առողջ ապրելակերպի խթանման և ծխելու դեմ պայքարի միջոցառումներ» ծրագրային միջոցառումից՝ հաշվի առնելով դրա կանխատեսվող թերակատարումը։
Երկու նախագծերով էլ առաջարկվում է վերաբաշխել արդեն նախատեսված բյուջետային միջոցները։ Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ նախագծով պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ընդհանուր ծավալների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործարկվել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են երեխաները, 65 տարեկանից բարձր քաղաքացիները, սոցիալական որոշ խմբեր և ամսական 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները։
Կառավարությունը այս տարվա հոկտեմբերի 29-ին հավանություն էր տվել 2027 թվականից նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներին ապահովագրության համակարգում ընդգրկելու օրենսդրական փոփոխությունների նախագծին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։




