Իսրայելցի զինվորականները վերահսկողություն են հաստատել Գազա քաղաքի 40%-ի նկատմամբ և մտադիր են շարունակել հարձակողական գործողությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինին:
Զինվորական խոսնակն ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է անընդհատ ուժեղացնել պաղեստինյան Համաս շարժման զինված կազմավորումների վրա հարձակումը:
«Մենք կմեծացնենք ճնշումը Համասի վրա մինչև այն պարտվի: Կհետապնդենք նրանց ամենուրեք»,- նշել է գեներալը:
Օգոստոսի կեսերին Իսրայելը նոր հարձակում էր սկսել Գազայի հատվածի քաղաքային մասի վրա՝ այն ամբողջությամբ գրավելու ծրագրով։ Իսրայելն օգոստոսի 28-ին դադարեցրել էր մարտավարական հրադադարը՝ Գազա քաղաքը հայտարարելով վտանգավոր մարտական գոտի:




































