Այս պահին 190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից վեցը ունի ինտենսիվ թերապիայի կարիք: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այս պահին 190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից վեցը ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։
«Նրանք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժնի հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն նրանց թոքերի արհեստական շնչառություն չի արվում: 6 քաղաքացիների վիճակը ծանր չէ, գնահատվում է կայուն, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչը արվում է։ Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն՝ ջերմիջեցնողներ»,- ասաց նա`նշելով, որ կորոնավիրուսով վարակվածների վիճակը վատթարանում է այն ժամանակ, երբ ուղեկցող հիվանդություններ են լինում։
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ շուտով կլրանա մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների մի մասի մեկուսացման 14-րդ օրը: Նրանց թեստեր կարվեն, հետո միայն պարզ կլինի, թե ինչ անել: Նախարարը հույս ունի, որ նրանց կուղեկցեն բնական կյանքի: Կլրանա նաեւ որոշ քաղաքացիների բուժման 14-րդ օրը. հետազոտություններից հետո, եթե պարզվի, որ վարակը վերացել է նրանք նույնպես դուրս կգրվեն հիվանդանոցից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







