«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ երկրի ապագա իշխանությունների հիմնական գործիքակազմը պետք է լինի ոչ թե ռազմական ուժը, այլ ուժեղ դիվանագիտությունը։
Ավելի վաղ՝ մարտի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդդիմության հավակնությունները կարող են նոր զինված հակամարտություն հրահրել, եթե նրանք իշխանության գան։ Նա մեղադրել էր ընդդիմադիր ուժերին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանները վերանայելու մտադրության մեջ, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմի։
«Փաշինյանը նորից խաղաղություն է խոստանում մեզ, նա խաղաղություն է խոստացել մեզ 2018 թվականին, բերել է Արցախյան պատերազմը, նա խաղաղություն է խոստացել մեզ 2021 թվականի ընտրություններին, բերել է Ջերմուկի պատերազմը և բերել է Արցախի հայաթափումը։ Այսօր նորից նոր հանդգնությամբ նա խոստանում է մեզ խաղաղություն»,- նշել է Կարապետյանը։
Նա Հարավային Կովկասն անվանել է խաղաղ առևտրի պոտենցիալ կենտրոն։ Նրա խոսքով՝ Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունը հնարավոր է խաղաղության համաձայնագրի գործընթացում տարածաշրջանում մի քանի երաշխավորի մասնակցությամբ։
Նա ընդգծել է, որ նման համաձայնագրի հետապնդումը պետք է լինի առաջնահերթություն, այլ ոչ թե «թույլ խաղաղություն», որի դեպքում երկրի անվտանգությունը կախված կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կամքից։
«Մեկ, երկու, երեք երաշխավորի հնարավորություն կա, քանի որ տարածաշրջանը հայտնվել է արևելք-արևմուտք առևտրային ճանապարհների, առևտրային ուղու կիզակետում՝ որպես ամենախաղաղ պոտենցիալ ուղի։ Այդ խաղաղ առևտուրը երաշխավորելու համար մենք տեսնում ենք, որ կունենանք մեկից ավելի երաշխավոր՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ֆորմատի շրջանակներում։ Ուժեղ առաջնորդության դեպքում Հայաստանը տարածաշրջանում վերածվելու է խաղաղության օազիսի»,- ընդգծել է Կարապետյանը։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանի իշխանության սկզբում Ադրբեջանը Հայաստանի համեմատ 2,5 անգամ շատ զենք ուներ, բայց այժմ այդ տարբերությունը մեծացել է մինչև 8 անգամ։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։ Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:
Փետրվարի 11-ին Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է: «Ուժեղ Հայաստանն» առաջարկել էր 6 լուծում՝ ՀՀ անվտանգային համակարգն ամրապնդելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






