Հակակոռուպցիոն դատարանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել է մեկ ամսով, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա նշել է, որ տվյալ դատական ակտով խոչընդոտվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի կողմից ընտրական գործընթացի ամենապատասխանատու փուլին մասնակցելն այն դեպքում, երբ մյուս թեկնածուները քարոզարշավ են անցկացնում, ակտիվ նախընտրական գործողություններ կատարում։
«Սա քաղաքական գործընթացի հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է, խաթարման ռիսկ»,- մանրամասնել է նա։
Վարդևանյանը հավելել է, որ դատարանը պահպանել է նաև Կարապետյանի տնային կալանքի հետ կապված սահմանափակումները․ նա կարող է շփվել միայն մերձավոր ազգականների ու պաշտպանների հետ։ Արգելքը կշարունակի կիրառվել գործարարի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ, պարզաբանել է փաստաբանը։ Նա ընդգծել է, որ այս իրավիճակը խնդիրներ է առաջացնում կուսակցության գործունեության համար։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տնային կալանքի երկարաձգման վերաբերյալ նիստն սկսվել էր մարտի 13-ի կեսօրին և տևել մոտավորապես 9-ը ժամ՝ ընդմիջումներով։ Նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացրել Հակակոռուպցիոն դատարանի դիմաց՝ պահանջելով Կարապետյանի ազատ արձակումը։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանը կալանքից հետո հայտարարել էր «Մեր ձևով» շարժումը նախաձեռնելու մասին: Հունվարին «Մեր ձևով»-ը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Նա փետրվարի 11-ին միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է:




































