«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետկանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի վարչապետի պաշտոնում՝ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու։ Գործարարի առաջադրման մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համաժողովին, որը հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
«Մեր ձևով» շարժման համակարգողն իր ելույթում նշել է, որ ուժեղ Հայաստանին, առաջին հերթին, անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ։
«Ուժեղ Հայաստանին անհրաժեշտ է նոր առաջնորդ՝ կառավարչական հմտություններով, նոր, բայց մեծ փորձ ունեցող ղեկավար։ Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում, մեծացել գյուղում՝ ուսուցիչների ընտանիքում։ Նա սերում է ժողովրդից և կյանքում ու բիզնեսում հաջողության հասնելուց հետո երբեք չի մոռացել, թե որտեղից է եկել։ Նա ունի Հայաստանի համար կարևոր միջազգային լավագույն կապեր և դրանք կօգտագործի ի շահ մեր երկրի։ Սա նա ապացուցել է գործով, ոչ թե խոսքով»,- հավելել է Կարապետյանը։
Կարապետյանը նաև նախանշել է առաջնորդի որակները և ընդգծել, որ նրա համար իշխանությունը չպետք է ինքնանպատակ լինի, քանի որ երկրին անհրաժեշտ է «ուժեղ, լավ սնված և լուրջ առաջնորդ», որը կհաղթահարի աղքատությունը, կստեղծի աշխատատեղեր, կզարգացնի մարզերը և կմոդեռնացնի մայրաքաղաքը։
Շարժման համակարգողի խոսքով՝ թույլ առաջնորդը փնտրում է արդարացում, մինչդեռ ուժեղը լուծում է խնդիրները գործողությունների միջոցով։ Նա նշել է, որ իր ութամյա իշխանության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորցրել է դիրքերն անվտանգության ոլորտում, թուլացրել է բանակը, թույլ տվել տնտեսության անկում և հանգեցրել պարտքի աճի։
Կարապետյանի թեկնածության իրավական հիմքերն ու հնարավորությունները
Սամվել Կարապետյանը թեև առաջնորդում է կուսակցությունը, սակայն ընտրություններին գործող օրենսդրությամբ մասնակցելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է:
«Մեր ձևով» շարժման համակարգողը մեկնաբանել է Կարապետյանի թեկնածության հնարավոր սահմանադրական սահմանափակումները և նշել, որ Սահմանադրության համապատասխան 148-րդ հոդվածը կարող է փոփոխվել ԱԺ քվեարկությամբ, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումների ու հանրաքավեի միջոցով։
Նա հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններից 20 օր անց՝ ԱԺ առաջին նիստում, նշված հոդվածում օրենսդրական փոփոխության առաջարկով են հանդես գալու, որն ընդունելու դեպքում Կարապետյանը կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում։ Փոփոխությունը, Կարապետյանի խոսքով, թույլ կտա վարչապետի պաշտոնում առաջադրվել միայն մեկ՝ ՀՀ քաղաքացիությամբ։
«ԱԺ առաջին նիստին ժողովրդի վստահությամբ և ԱԺ մանդատով հանդես կգանք օրենսդրական փոփոխությամբ, որ թույլ տանք միայն մեկ՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի»,- մանրամասնել է Կարապետյանը։
Սահմանադրագետները՝ օրենսդրական փոփոխության հնարավորության մասին
Սահմանադրագետներն ու իրավաբանները համաժողովին տեսաուղերձով հայտարարել են, որ 148-րդ հոդվածը, որը սահմանում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները, կարող է փոփոխվել ԱԺ-ի կողմից։
Սահմանադրական դատարանի նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանը շեշտել է, որ հոդվածը կարող է փոփոխվել Ազգային ժողովի կողմից՝ ձայների որակյալ մեծամասնությամբ։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը բացատրել է, որ Սահմանադրությամբ նախատեսված է փոփոխությունների երեք ռեժիմ։
«Գոյություն ունեն անփոփոխելի հոդվածներ, կան գլուխներ և հոդվածներ, որոնք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով, և կան փոփոխություններ, որոնք կարող են կատարվել օրենսդիր մարմնի կողմից։ Սահմանադրության 148-րդ հոդվածն անփոփոխելի հոդված չէ, և այն փոխելու համար անհրաժեշտ է ԱԺ-ի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում»,- ասել է Սահակյանը։
Նա ընդգծել է, որ օրենսդրական փոփոխության առաջարկի դեպքում նախագիծը դրվում է քվեարկության օրենսդիրում և այն ընդունվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի 2/3-րդի ձայները։ Գյուլումյանը հավելել է, որ հոդվածն այն բացառություններից չէ, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը հավելել է, որ հանրաքվեով փոփոխվող Սահմանադրության դրույթներ սահմանված են 202-րդ հոդվածի առաջին մասում, 148-րդ հոդվածն այդ ցանկում չկա։
Ճանապարհ՝ դեպի ուժեղ Հայաստան․ Կարապետյանի ուղերձը
Համաժողովի վերջում փաստաբանն արհեստական բանականության միջոցով փոխանցել է տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի ուղերձը, որտեղ նա խոսել է քաղաքական պայքարի, ուժեղ ու արժանապատիվ խաղաղության, բանակի և պաշտպանության արդիականացման, ուժեղ Հայաստան կառուցելու ծրագրերի մասին։
Գործարարը հիշեցրել է, որ հուլիսի 4-ին, երբ կալանքի մեկ ամիսը չէր լրացել, հայտարարել էր իր ստեղծվելիք նախաձեռնության մասին, ինչն այսօր իրականություն է դառնում։
«Այդ օրը միասին որոշեցինք, որ միասնական, մեկ բռունցք դառնալով մտնում ենք քաղաքական պայքարի մեջ հանուն մեր հայրենիքի լավ ապագայի։ Ինձ կալանավորելով, կալանքի տակ պահելով՝ փոքրիկ խմբակը կարծում էր, որ կլռեցնեն, կմեկուսացնեն ոչ միայն ինձ, այլ Հայաստանի, մեր ժողովրդի, մեր քաղաքացու ձայնը, ձեր բոլորի ձայնը։ Բայց նրանք նորից սխալվեցին ու ձախողեցին։ Հիմա մեր ձայնն ավելի բարձր է հնչում, հիմա մենք ձեզ հետ ավելի ուժեղ ենք, քան երբևէ»,- նշել է գործարարը։
Խոսելով իշխանության դիրքերի մասին՝ նա ընդգծել է, որ դրանք թուլացած են:
«Հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է, ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ, արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, սոցիալական ոլորտը»,- ավելացրել է նա։
Կարապետյանը խոսել է նաև իրական խաղաղության վերաբերյալ իր պատկերացման մասին՝ շեշտելով ուժեղ պետության կարևորությունը։
«Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խոսում են մի բանից՝ թույլ խաղաղությունից։ Մինչդեռ խաղաղությունն առանց ուժեղ պետության կոչվում է հանձնվել։ Նրանք հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմի։ Սա հերթական սուտն է հանրությանը վախեցնելու համար»,- ընդգծել է գործարարը։
Նրա խոսքով՝ իր առաջնորդած ուժը նույնպես ուզում է խաղաղություն, բայց՝ արժանապատիվ։
«Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել խաղաղություն աղերսելով։ Մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ, որովհետև ուժեղ խաղաղությունը պահանջում է ուժեղ ու ժամանակակից բանակ»,- շեշտել է գործարարը։
Նա վստահեցրել է՝ իր առաջնորդած ուժի ծրագիրն ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու ու լայն ճանապարհ է բացելու դեպի ուժեղ Հայաստան։
«Մենք մեր հայրենակիցներին առաջարկվելիք ծրագրում չենք խաբելու, որ պաշտոն ստանանք ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք։ Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, պետք է անել ճիշտ հակառակը։ Մի առիթով հայտարարել էի՝ մեր սեփական գրպանների հաշվին պարտավոր ենք հարստացնել մեր երկիրը։ Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել արժանապատիվ ապրելու և արժանապատվորեն աշխատելու, վարձատրվելու երանելի տուն, այլ ոչ թե խեղճ օթևան, որտեղից ուզում են փախչել»,- նշել է նա։
Կարապետյանը նաև պատմել է, թե ինչու որոշեց մտնել քաղաքականություն։ Նա նշել է, որ ծնվել է Հայաստանում և գիտի քաղաքում և գյուղում ապրելու դժվարություններն ու քաղցրությունը։
«Ես չեմ կարող անտարբեր նստել ու հանգիստ նայել, թե ինչպես են իմ հայրենիքը տանում աղետի ու կործանման։ Ես ստեղծող մարդ եմ, իմ կյանքի ընթացքում տասնյակ երկրներում հազարավոր բարիքներ եմ ստեղծել, շենքեր, գործարաններ, աշխատատեղեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ Բարի համբավս թույլ է տվել բազմաթիվ գործարար կապեր ստեղծել աշխարհով մեկ։ Ու իմ ստեղծելու այդ ներուժն այսուհետ պետք է ամբողջ ուժով ծառայեցնեմ Հայաստանին ու մեր ժողովրդին»,- հայտարարել է գործարարը։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը նոր սկիզբ է ունենալու, ինչին՝ ԱԺ ընտրություններին, մնացել է 115 օր։
«Ընդամենը 115 օրից բոլորը կտեսնեն, որ «Ուժեղ Հայաստանը» միայն կուսակցության անուն չէ։ Հայաստանը կունենա նոր սկիզբ, կբացվի նոր դարաշրջան և մեր ուժեղ Հայաստանը կլինի բոլորիս իրականությունը։ Մեզ համար առաջնահերթություն են լինելու ոչ թե Սփյուռքից նվիրատվությունները, այլ Հայաստանի հետ իրական էմոցիոնալ կապը։ Հայաստան, որը կունենա պրոֆեսիոնալ, անկախ ու խելացի դիվանագիտություն, պետություն, որը կխոսի բոլոր հարևանների ու կաշխատի բոլոր գերտերությունների հետ»,- հավաստիացրել է նա։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ թույլ ու ուժեղ առաջնորդության, բաժանման ու համախմբման, ինքնիշխանության և շարունակական զիջման, ինքնիշխանության ամրապնդման ու նվաստացման միջև։
«Ուժեղ Հայաստանի կառուցումը նաև հույսի մասին է։ Լավ իմացեք, Հայաստանի նոր, խաղաղ, ապահով ու բարեկեցիկ կյանքի կառուցումն սկսելու ենք ընտրությունների հենց հաջորդ օրվանից՝ հունիսի 8-ից։ Մեր վճռական, համառ ու չհանձնվող մեծ թիմի հետ չենք կորցնելու ոչ մի օր՝ ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին։ Վստահ եղեք՝ անպայման հաջողելու ենք մեր ձևով, դեպի ուժեղ Հայաստան»,- եզրափակել է գործարարը։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանը կալանքից հետո հայտարարել էր «Մեր ձևով» շարժումը նախաձեռնելու մասին, որն ավելի ուշ առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր:
Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։
Հունվարին «Մեր ձևով» շարժման համակարգողը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Փետրվարի 11-ին Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ:


































