Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ երկաթուղային և Ալիջանի ավտոճանապարհային սահմանային անցակետերի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նախարարի խոսքով՝ փոխադարձ համաձայնության հասնելու դեպքում, հաշվի առնելով նաև Ադրբեջանի դիրքորոշումը, անցակետերը կարող են բացվել կարճ ժամանակում։
«Ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումից հետո մենք պատրաստ ենք կարճ ժամանակում Հայաստանի հետ ուղիղ երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցություն բացել»,- ասել է Ուրալօղլուն։
Նախարարը Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման հստակ ժամկետ չի նշել։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, իսկ ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից՝ Թուրքիայի նախաձեռնությամբ։ Երկրները 2022 թվականից բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2022-ի հուլիսին պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայաստանը վերանորոգել է «Մարգարա» անցակետը, իսկ թուրքական կողմը նախապատրաստական աշխատանքներ սկսել «Ալիջան» անցակետում։ Սակայն սահմանը կանոնավոր երթևեկության համար դեռ չի բացվել։
Կողմերի՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ի հանդիպմանը Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին ուսումնասիրել Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդման գծի գործարկման հնարավորությունները, ինչպես նաև արագացնել նախկին պայմանավորվածությունների իրականացումը։
Թուրքիան 2026 թվականի մայիսին վերացրել է Հայաստանի հետ երկկողմ առևտրի սահմանափակումները։ Դրանից հետո թուրքական մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, ինչը թույլ է տալիս երրորդ երկրների միջոցով տեղափոխվող ապրանքների փաստաթղթերում ուղղակիորեն նշել Հայաստանը կամ Թուրքիան որպես ծագման կամ նշանակման երկիր։ Հայկական կողմից վերջին շրջանում չեն բացառել, որ հայ-թուրքական սահմանը կարող է ցանկացած պահի բացվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







