Թուրքիայի՝ Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքներ, հայտնել է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական մամուլին։
Նշվում է, որ «Ալիջանի» սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։
Կայքը հիշեցրել է, որ «Ալիջանի» անցակետում իրականացվող աշխատանքները նպատակ ունեն սկզբնական փուլում բացել բեռնափոխադրումների համար՝ «Մարգարայի» կամրջով, իսկ հետագայում՝ նաև ուղևորափոխադրումների համար։
Նշվում է, որ «ծրագրի շրջանակում նախատեսվում է «Ալիջանի» ճանապարհի լրացուցիչ շինարարություն՝ այն միացնելով Քարաքոյունլու շրջանի խաչմերուկին և «Զանգեզուրի ճանապարհին», ինչը հնարավորություն կտա բարելավել կապն Իգդիրի ուղղությամբ և բարձրացնել տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները»։
2022-ից Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներ են ունեցել։ 2024-ին կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:






































