ՀՀ կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում կքննարկի 63–72 տարեկան քաղաքացիների գործարար նախաձեռնություններին աջակցելու ծրագիրը, որով նախատեսվում է յուրաքանչյուր շահառուի տրամադրել մինչև 2 մլն դրամ (մոտ 5200 դոլար)։ Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կարող է կազմել 400 մլն դրամ (մոտ 1,04 մլն դոլար)։
Նախագծով նախատեսվում է ծրագրում ներգրավել առնվազն 400 քաղաքացու, որոնցից առավելագույնը 200-ը ֆինանսական աջակցություն կստանան։
Աջակցություն ստանալու համար մասնակիցները պետք է անցնեն ձեռնարկատիրական ուսուցում, մշակեն բիզնես ծրագիր և ստանան համապատասխան հավաստագիր։
Առաջնահերթություն կտրվի սահմանամերձ, լեռնային և բարձրալեռնային բնակավայրերի բնակիչներին, ինչպես նաև կենսաթոշակ ստացող և վարձու աշխատող չհանդիսացող քաղաքացիներին։
Ֆինանսավորումը նախատեսվում է տրամադրել 2027 թվականի պետական բյուջեից՝ 2026 թվականին ներկայացված դիմումների հիման վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի վերջին Ազգային ժողովում (ԱԺ) հայտարարել էր, որ 63 տարեկանը փոքր և միջին բիզնես սկսելու լավագույն տարիքն է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնել էր, որ կենսաթոշակային տարիքի տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են աշխատել։
Փաստերի ստուգման հարթակի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում աշխատել է 63 և բարձր տարիքի 113 010 քաղաքացի, որոնցից շուրջ 11 000-ը զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ։
ԱԺ-ն մայիսին <a href=”https://armeniatoday.am/hy/politics/1070902/”>ընդունել էր</a> օրենք, որով վերացվել է պետական ծառայության աշխատակիցների համար 65 տարեկան տարիքային սահմանափակումը։ Նախարարի տվյալներով՝ փոփոխությունը վերաբերում էր մոտ 20–25 հազար քաղաքացու։
Կառավարությունը նախկինում ևս տարեցների զբաղվածությանն աջակցելու նախաձեռնություններ էր ներկայացրել։ Հունիսին կառավարությունը ներկայացրել էր նախագիծ, որով առաջարկվում էր 63 տարեկանից բարձր քաղաքացիներին աշխատանքի ընդունող մասնավոր գործատուներին փոխհատուցել եկամտահարկի մի մասը և որոշ պայմաններով տրամադրել միանվագ աջակցություն։ Ծրագիրը նախատեսվում է գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







