Գազայի հատվածի վերակառուցումը կվերահսկի հատուկ միջազգային հանձնաժողովը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գազան կաառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը։
«Գազայի հատվածի ֆինանսավորումն ու վերակառուցման իրականացումը վերահսկելու համար կստեղծվի հատուկ միջազգային հանձնաժողով։ Անկլավի իշխանությունը կփոխանցվի պաղեստինյան կոմիտեին, որը կազմված կլինի անկախ տեխնոկրատներից և պատասխանատու կլինի բնակիչների հիմնական կարիքները բավարարելու համար՝ միջազգային կազմակերպությունների և արաբական երկրների ներկայացուցիչների հետ համակարգված»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ, որի պատվիրակությունը մասնակցել է Կահիրեի բանակցություններին։
Կահիրեի բանակցություններին մասնակցող պաղեստինյան խմբակցությունները նաև աջակցել են Գազայի հատվածում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձև ընդունելու գաղափարին։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության էին եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնը հրապարակել էր 20 կետից բաղկացած խաղաղության առաջարկ՝ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել: Չնայած հրադադարին՝ հոկտեմբերի 14-ին պաղեստինցիներ էին զոհվել:
Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահը հավերժ ու կայուն խաղաղություն էր խոստացել Մերձավոր Արևելքում, որտեղ պատերազմը մեկնարկել էր գրեթե 2 տարի առաջ: Հակառակ դեպքում՝ ԱՄՆ նախագահն սպառնացել էր ուժով զինաթափել ՀԱՄԱՍ-ին։





































