Գազայի հատվածում մեկնարկել է իսրայելցի պատանդների վերադարձը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հանձնվել է 7 գերի, հայտնում է BBC-ն՝ հղում անելով Իսրայելի պետական հեռուստաընկերությանը:
Կարմիր խաչը նրանց կփոխանցի իսրայելական բանակին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այսօր ավելի վաղ հրապարակել է 20 պատանդի ցուցակ, որոնց նախատեսում է ազատել: Նրանք Գազայում էին պահվում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումներից ի վեր։
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ պատանդների ազատ արձակման լուրերի սպասումով։
Պատանդների դիմաց Իսրայելը պատրաստվում է ազատել 250 պաղեստինյան բանտարկյալի և ավելի քան 1700 կալանավորի։
Այս համաձայնությունն Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ձեռք էին բերել հոկտեմբերի 9-ին:





































