ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է ուժով զինաթափել ՀԱՄԱՍ-ը՝ Գազայի հատվածում շարժման վերահսկողությունը վերականգնելու գործողությունների ֆոնին, հայտնում է BBC-ն:
Երեքշաբթի լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չզինաթափվի «տրամաբանական ժամկետում», ապա «զինաթափելու են նրանց»։ Նա չի հստակեցրել, թե երբ է ակնկալում, որ խմբավորումը հանձնի զենքերը։
Համացանցում հոկտեմբերի 14-ին տեսանյութեր էին շրջանառվել, որտեղ երևում է շարժման զինյալների կողմից հրապարակային մահապատժի իրականացում և ուժի այլ դրսևորումներ:
Թրամփը հոկտեմբերի 13-ին հավերժ ու կայուն խաղաղություն էր խոստացել Մերձավոր Արևելքում, որտեղ պատերազմը մեկնարկել էր գրեթե 2 տարի առաջ:
Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել: Չնայած հրադադարին՝ հոկտեմբերի 14-ին պաղեստինցիներ էին զոհվել:






































