ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և բանակցություններին միջնորդած Կատարի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նշվում է, որ Թրամփը Truth Social-ում գրառում է արել՝ հայտարարելով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կողմից խաղաղության ծրագրի առաջին փուլի ստորագրման մասին։
Համաձայնագրի շրջանակներում՝ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատել բոլոր պատանդներին, Իսրայելն, իր հերթին, համաձայնել է զորքերը դուրս բերել համաձայնեցված գծեր։ Ըստ Թրամփի՝ պատանդները, ենթադրվում է, ազատ կարձակվեն հաջորդ երկուշաբթի։
Ynet-ի տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կվերահսկեն Գազայի հատվածի 53%-ը և առաջին փուլում կհանեն զորքերը Գազա քաղաքից։
Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին հրապարակել էր Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր։ ՀԱՄԱՍ խմբավորումը հոկտեմբերի 3-ին համաձայնել էր ազատ արձակել բոլոր ողջ պատանդներին և վերադարձնել մահացածների մարմինները: Արդեն 3 օր Եգիպտոսում Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը բանակցում են համաձայնագրի շուրջ:





































