Դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը արտադատական համաձայնության են հասել Ֆրանսիայի Château Miraval գինեգործարանի շուրջ չորս տարի շարունակվող վեճում, հայտնում է ABC News-ը՝ հղում անելով նրանց ներկայացուցիչների համատեղ հայտարարությանը։
«Մենք վեճը կարգավորել ենք արտադատական կարգով՝ ելնելով մեր ընտանիքի լավագույն շահերից, և այլևս մեկնաբանություններ չենք անելու»,- նշված է նոյեմբերի 25-ին տարածված հայտարարությունում։ Համաձայնության ֆինանսական պայմանները չեն հրապարակվել։ Չի հստակեցվում նաև՝ արդյոք այն նախատեսում է գինեգործարանի սեփականության կառուցվածքի փոփոխություն։
Փիթը Ջոլիի դեմ հայց էր ներկայացրել 2022 թվականին՝ պնդելով, որ դերասանուհին առանց իր համաձայնության գինեգործարանի իր բաժնեմասը վաճառել է Tenute del Mondo խմբին։ Նրա խոսքով՝ իրենք պայմանավորվել էին բաժնեմասերը չվաճառել առանց միմյանց հավանության։ Ջոլիի փաստաբանները վիճարկել էին նման պայմանավորվածության առկայությունը։
Ջոլին 2021 թվականին գինեգործարանի իր 50% բաժնեմասը վաճառել էր շուրջ 64 մլն դոլարով։ Փիթը դատարանից պահանջում է իրեն հնարավորություն տալ նույն արժեքով ձեռք բերել նախկին կնոջ բաժնեմասը, ինչպես նաև փոխհատուցել կրած վնասը։
Զույգը կալվածքը ձեռք էր բերել 2008 թվականին, իսկ 2014-ին այնտեղ անցկացրել էր հարսանիքը։ Ջոլին ամուսնալուծության հայց էր ներկայացրել 2016-ին։ Ամուսնալուծության պայմանների շուրջ նրանք համաձայնության էին հասել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն գինեգործարանի վերաբերյալ վեճը շարունակվում էր։ Նախկին ամուսիններն ունեն վեց երեխա։
Նրանց երեխաներից մի քանիսը հրաժարվել են հոր ազգանունից։ Շայլոն 2024 թվականին դատարանի որոշմամբ պաշտոնապես փոխել է Ջոլի-Փիթ ազգանունը՝ դառնալով Ջոլի։ The Cut-ի տվյալներով՝ 2026 թվականին ազգանվան փոփոխությունն իրավականորեն ձևակերպել են նաև Զահարան և Մեդոքսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







