Եգիպտոսը, հավանաբար, կգլխավորի կայունացման միջազգային ուժերը, որոնք, համաձայն խաղաղության ծրագրի, ավելի ուշ կտեղակայվեն Գազայի հատվածում, հայտնել է The Guardian-ը՝ հղում անելով անանուն դիվանագետների։
«Դիվանագետները հայտարարել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աշխատում է Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից առաջարկված նախաձեռնության վրա՝ Գազայի հատվածում տեղակայման համար նախատեսված միջազգային ուժերին անվտանգության վերահսկողությամբ լիազորելու համար։ Կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ Եգիպտոսը կգլխավորի այս ուժերը»,- ասվում է հրապարակման մեջ։
Այս դերի համար թեկնածուներ են առաջադրել նաև Թուրքիան, Ադրբեջանը և Ինդոնեզիան։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիայից և եվրոպական այլ երկրներից զինվորականներ, հավանաբար, չեն մասնակցի զորախմբին։
Միևնույն ժամանակ, Եգիպտոսի իշխանությունները խորհրդակցություններ են անցկացնում Գազայում ՄԱԿ-ի լիարժեք գործողությունն սկսելու վերաբերյալ։ Եթե զորախումբն իրավիճակը կայունացնելու հարցում արդյունավետ լինի, իսրայելական զորքերը կհեռանան։
Բրիտանացի դիվանագետների կարծիքով՝ ամենադժվար հարցը կլինի ՀԱՄԱՍ-ի՝ զենքից հրաժարվելը: Զինաթափումը կարող է սկսվել ՀԱՄԱՍ-ի կողմից ծանր զինամթերքի և հրթիռային կայանքների հանձնումից։
Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել: Չնայած հրադադարին՝ հոկտեմբերի 14-ին պաղեստինցիներ էին զոհվել:
Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավերժ ու կայուն խաղաղություն էր խոստացել Մերձավոր Արևելքում, որտեղ պատերազմը մեկնարկել էր գրեթե 2 տարի առաջ: Հակառակ դեպքում՝ ԱՄՆ նախագահն սպառնացել էր ուժով զինաթափել ՀԱՄԱՍ-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







