Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:30

«Ուժեղ Հայաստանի» նախագծով դեղերի գները կարող են նվազել մոտ 20%-ով․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանի» նախագծով դեղերի գները կարող են նվազել մոտ 20%-ով․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որը նախատեսում է պարզեցնել Եվրամիությունում արդեն հաստատված դեղերի գրանցումն ու ներմուծումը Հայաստան։ Նրա գնահատմամբ՝ փոփոխությունները հնարավորություն կտան ընդլայնել դեղերի տեսականին և դրանց գները նվազեցնել մոտ 20%-ով։ Մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը` Armenia Today-ի YouTube-ի ալիքում։

Նախաձեռնությամբ առաջարկվում է ԵՄ-ում արդեն հաստատված դեղերը Հայաստանում գրանցել 7 օրվա ընթացքում՝ 50 000 դրամ պետական տուրք վճարելու պայմանով։ Խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը պարզաբանել է, որ գրանցումը կիրականացվի փաստաթղթերի ստուգման հիման վրա՝ առանց լաբորատոր փորձաքննության արդյունքներին երկար սպասելու։

Կարապետյանի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է մոտ 3900 դեղամիջոց, մինչդեռ եվրոպական երկրներում՝ շուրջ 25 000։ Հայաստանում տարեկան գրանցվում է 150-200 նոր դեղամիջոց։ Նրա խոսքով՝ միջազգային ընկերությունները յուրաքանչյուր դեղամիջոցի գրանցման համար միլիոնավոր դրամներ են վճարում, սպասում մինչև կես տարի և շուկայի փոքր ծավալի պատճառով շատերը հրաժարվում են Հայաստանում գրանցել իրենց դեղերը։

Կարապետյանը նաև ներկայացրել է Հայաստանի և Վրաստանի միջև գների տարբերության օրինակներ։ Նրա խոսքով՝ «Մետֆորմինը» Հայաստանում արժե 1700 դրամ, Վրաստանում՝ 920 դրամ, խոլեստերինի նվազեցման համար նախատեսված «Ռոզուլիպը»՝ համապատասխանաբար 5600 և 2800 դրամ, իսկ «Ամոքսիկլավ» հակաբիոտիկը՝ 4100 և 2400 դրամ։

Նրա գնահատմամբ՝ օրենքում առաջարկվող փոփոխությունները թույլ կտան նաև նվազեցնել դեղերի ստվերային շրջանառությունը, քանի որ քաղաքացիներն այսօր արտերկրից դեղեր են պատվիրում հարազատների և ծանոթների միջոցով։ Դեղերի գների նվազումը, Կարապետյանի խոսքով, հնարավորություն կտա միլիարդավոր դրամներ խնայել բժշկական ապահովագրության համակարգում և ընդլայնել շահառուների շրջանակը։

Armenia Today-ի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք վերահսկել գնագոյացումը և սահմանափակել դեղատնային հավելագները, Կարապետյանը պատասխանել է, որ այս փուլում խմբակցությունը չի առաջարկում սահմանել առավելագույն գներ․ գների նվազեցումը պետք է ապահովի մրցակցությունը։ Եթե առանձին դեղերի գներ շարունակեն բարձր մնալ, պատգամավորները կքննարկեն կարգավորման մեխանիզմներ՝ այլ երկրների օրինակով։

«Կարծում եմ՝ շուկան ինքնաբերաբար կնվազեցնի գները։ Բայց եթե նման խնդիր պահպանվի, կառաջարկենք գնագոյացման կարգավորման մեխանիզմներ, որովհետև հասարակության համար սա առաջնահերթ կարևորության հարց է»,- ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը նախնական քննարկել են դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հայաստանում արդեն գրանցված դեղեր ունեցող որոշ ընկերություններ նախաձեռնությանն զգուշավոր են վերաբերվել, սակայն առայժմ էական քննադատություններ չեն հնչել։ Նախագիծն ավելի մանրամասն կքննարկվի ԱԺ համապատասխան հանձնաժողովում։

Կարապետյանը հիշեցրել է, որ խմբակցությունը նախաձեռնությունը քննարկել էր Դեղերի որակի և առողջապահության եվրոպական տնօրինության (EDQM) ներկայացուցիչների հետ՝ Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի և եվրոպական այլ գործընկերների հետ, որոնք, նրա խոսքով, աջակցել են նախաձեռնությանը։

Կարապետյանի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է աջակցի նախաձեռնությանը, եթե նրա համար առաջնային են քաղաքացիների առողջությունը և Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրումը։ Օրինագիծն արդեն ներկայացվել է Ազգային ժողով։ Նախաձեռնությունն «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ընտրություններից առաջ ներկայացրած հինգ տնտեսական ծրագրերից մեկն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+