Հայաստանն ու Ռուսաստանը պահպանում են շփումները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցերի շուրջ։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության «Հատուկ կարծիք» հաղորդաշարին տված հացազրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Առկա տեղեկությունների համաձայն՝ պատվաստանյութ կա՛, նույնիսկ՝ երկուսը։ Մենք պատվաստանյութի հարցով շփումներ ենք պահպանում Հայաստանի իրավասու մարմինների հետ. կան որոշակի առաջարկներ։ Այս թեման ոչ միայն տեսադաշտում է, այլև համատեղ մշակման մեջ է»,-ասաց դեսպանը։
Դեսպանը հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է թեստավորման համակարգեր և ռեագենտներ՝ ավելի քան 100 հազար թեստերի անցկացման համար:
«Կորոնավիուրսի դեմ պայքարի և կանխարգելման գործում էական ներդրում ունի նաև շարժական ախտորոշիչ լաբորատորիան, որը Հայաստան է բերվել ՌԴ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ և այսօրվա դրությամբ իրականացրել է ավելի քան 17 հազար թեստ»,- նշել է դեսպանը:
Հիշեցնենք՝ Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 45 503 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը 41 434 է, փաստացի բուժում է ստանում 2880 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







