Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Մենք ենթադրում ենք, որ համապատասխան ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական սպառնալիքի առկայության դեպքում: Զենքը բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիներին միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ վայրում կամ դրա սպառնալիք է առաջանում: Դա չի նշանակում, որ քաղաքում շրջելու են զինված մարդիկ»,- ասաց Բալայանը:
Բալայանը նշեց, որ աշխարհազորում նախատեսում են կցագրել մինչև 70 տարեկան անձանց, որոնց հետ պարբերաբար որոշակի վարժանքներ են իրականացվելու, իսկ զորակոչվելուց և զինծառայողի կարգավիճակ ստանալուց հետո քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամներն օգտվելու են համապատասխան սոցիալական երաշխիքներից:
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ենթակայությամբ կստեղծվի աշխարհազորային ուժերի համալիր։
Աշխարհազորի ստեղծման առաջարկով փոփոխություններ են նախատեսվում պաշտպանության և մունիցիպալ մարմինների մասին մի շարք օրենքներում։ Այն նախատեսված է Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների, զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և ՏԻՄ մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցելու համար:
Նախատեսվում է աշխարհազորը կազմակերպել քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով։ Այն կլինի զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր։
Աշխարհազորի համակարգը կգործի ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







