Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման նախագծի քննարկումն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվել է մինչև երկու ամսով։ Հանձնաժողովի նիստը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության (ԲՏԱԱԲՆ) ավելի վաղ ներկայացրած նախագծով Հայաստանում նախատեսվում է ստեղծել բջջային հեռախոսների IMEI կոդերի՝ յուրաքանչյուր սարքի նույնականացման համարների միասնական շտեմարան՝ պարտադիրության սկզբունքով։ Այսինքն, եթե հեռախոսի IMEI կոդը չգրանցվի համակարգում, օպերատորը կարող է չտրամադրել բջջային կապի ծառայություններ։ Նախագիծը քննադատել էին փորձագետները՝ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկեր մատնանշելով։ Նախագծով նախատեսվում է նաև 3000 դրամ պետական տուրք՝ ներմուծված նոր հեռախոսի IMEI կոդը գրանցելու համար։
Իշխանության ներկայացուցիչներն Ազգային ժողովում նախագիծը հիմնավորել են բջջային հեռախոսների ստվերային շրջանառության դեմ պայքարի և դրանց օգտագործման անվտանգությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն, նախագծում անձնական տվյալների պաշտպանության, քաղաքացիների իրավունքների հնարավոր սահմանափակման և լրացուցիչ ֆինանսական բեռի հետ կապված ռիսկեր են տեսել։
Իշխանությունը՝ ստվերի դեմ պայքարի և կիբեռանվտանգության մասին
ԲՏԱԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանն ԱԺ-ում հայտնել է, որ նախագծի հիմնական նպատակը ստվերային շրջանառության դեմ պայքարն ու ֆիսկալ խնդիրների լուծումն է։ Նրա խոսքով՝ նախագիծը հետաձգվել է, որպեսզի դրանում նախատեսվեն ավելի կիրառելի, չափելի և տեխնիկապես հստակ կարգավորումներ։ Նախարարը հայտնել է, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում նախատեսվում է քննարկման ներկայացնել լրամշակված տարբերակը։
Թադևոսյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է հեռահաղորդակցության օպերատորների մասնակցությամբ նոր կազմակերպություն ստեղծել, որը կկառավարի յուրաքանչյուր բջջային հեռախոսի եզակի՝ 15-նիշանոց IMEI կոդերի շտեմարանը։ Համակարգի միջոցով նախատեսվում է տարբերակել օրինական ճանապարհով ներմուծված և օգտագործվող հեռախոսները և սահմանված չափանիշներին չհամապատասխանող սարքերի նկատմամբ համապատասխան սահմանափակումներ կիրառել։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն, իր հերթին, նշել է, որ կարգավորումը նաև անվտանգային խնդիր է լուծելու։
«Փորձ ենք անում պաշտպանել հայաստանյան բաժանորդներին գողացված, կլոնավորված, օգտագործված, բայց նորի տեղ ներկայացվող հեռախոսներից, այսինքն՝ կիբեռանվտանգության խնդիր էլ է այդ առումով լուծվում»,- շեշտել է Թունյանը։
Նրա խոսքով՝ կարգավորումները քննարկվում են արդեն 2-3 տարի, և նախագիծը պատրաստ էր ամիսներ առաջ, սակայն որոշվել է չշտապել և այն հնարավորինս մանրամասն, թափանցիկ ու հրապարակային քննարկել։
Ընդդիմությունն անձնական տվյալների և իրավունքների համար ռիսկեր է տեսնում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ ստվերային շրջանառությանն առնչվող խնդիրների լուծումը չպետք է իրականացվի քաղաքացիների իրավունքների հաշվին։
Նրա գնահատմամբ՝ IMEI կոդերի հետ կապված տվյալների հավաքագրումը կարող է անձնական տվյալների պաշտպանության ռիսկեր առաջացնել։ Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է պարզել, թե որտե՞ղ է պահվելու նախատեսվող տվյալների բազան և ինչպե՞ս է ապահովվելու դրա պաշտպանությունը։
«Կոդ ունենալը հնարավորություն է ընձեռում նույնականացնել քաղաքացուն և վերահսկել տեղաշարժը»,- ասել է Աբրահամյանը։
Նա առաջարկել է քննարկել IMEI կոդերի գրանցումը կամավոր դարձնելու տարբերակը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն առաջարկել է ամբողջությամբ հրաժարվել բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման նախագծից։
Նրա գնահատմամբ՝ կարգավորումը քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծելու, մինչդեռ հեռախոսների գողության դեմ պայքարի խնդիրը չի լուծվելու նաև նախագծի ընդունման դեպքում։
Որպես օրինակ՝ Մնացականյանը պատմել է իր ծանոթի հեռախոսի գողության մասին։ Նրա խոսքով՝ հեռախոսի գտնվելու վայրի վերաբերյալ գեոլոկացիոն տվյալները փոխանցվել են ոստիկանությանը, սակայն սարքն այդպես էլ չի հայտնաբերվել։
«Գեոլոկացիան տալիս են, ասում են՝ այս տեղանքում է հեռախոսը, էլի չեն հայտնաբերում»,- ասել է պատգամավորը։
Նույն խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանն էլ հայտարարել է, որ նախագիծն ուսումնասիրելիս հակասահմանադրականության հետ կապված ռիսկեր է տեսել։ Նա պնդել է, որ նախատեսվող կարգավորումները կարող են առնչվել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին։
Կարդացեք նաև՝
«Ղալաթ են անում», «թող վերահսկեն»․ հարցում` հեռախոսի IMEI կոդերի գրանցման մասին
Փորձագետներն զգուշացրել են IMEI շտեմարանի նախագծի ռիսկերի մասին
Բողոքի ակցիային IMEI-ը վերահսկման մեխանիզմ են անվանել. կառավարությունից հակադարձել են
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







