Այսօր՝ հուլիսի 1-ին, իրականացված բողոքի ակցիայի ժամանակ իրավապաշտպանները հանդես են եկել բջջային հեռախոսների IMEI-կոդերը պարտադիր գրանցելու նախագծի դեմ՝ հայտարարելով, որ նախաձեռնությունը քաղաքացիների նկատմամբ անհամաչափ վերահսկողության և անձնական կյանքին միջամտելու ռիսկեր է պարունակում:
Նրանք «Անձնական տվյալների պաշտպանությունը մարդու հիմնարար իրավունք է» և «Սա վերաբերվում է յուրաքանչյուր քաղաքացու» գրությամբ պաստառներով հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագյոզյանը, պատասխանելով Armenia Today-ի հարցին, ասել է, որ դեմ է նախագծին ամբողջությամբ, քանի որ այն համարում է անօրինական ներկրման դեմ պայքարի անհամաչափ միջոց:
«Սա մի նախագիծ է, որը ունքի տեղը հանում է աչքը։ Առաջին՝ չեմ ուզում վերահսկվել, չեմ ուզում մտնեն իմ անձնական կյանք․ դա օրինաչափ չէ, դա ստեղծում է ռիսկեր, որ ՀՀ քաղաքացիները պետք է անհամաչափորեն լինեն վերահսկողության տակ։ Իրենք ունեն ալիբի, իբրև թե հանցագործություններ են կանխարգելում, ես արդեն շեշտեցի, որ այդ հանցագործությունները գնացեք կանխարգելեք ձեր իրավապահ մարմիններով հանդերձ։ Դուք ապօրինի հեռախոս բռնողներով իմ հաշվին մի զբաղվեք»,- հայտարարել է Կարագյոզյանը:
Անդրադառնալով Armenia Today-ի հարցին, թե ինչ է փոխվելու արդեն իսկ օգտագործվող հեռախոսների սեփականատերերի համար՝ Կարագյոզյանը կարծիք է հայտնել, որ քաղաքացիներին կպարտադրեն որոշակի ժամկետներում ինքնուրույն ներկայացնել իրենց սարքերի կոդերը՝ շտեմարան ստեղծելու համար: Ըստ նրա՝ նման բազաների ստեղծումը «պարարտ հող» է դառնալու կիբերհանցագործների համար:
«Հեռախոսների տուփերի վրա կան հեռախոսների անհատական կոդերը, ուղղակի ժամկետներ կասեն ձեզ, մեզ, քաղաքացիներիս, բոլորին, որ այս ժամկետների ընթացքում այդ կոդերը տանենք, տանք, որպեսզի այդ շտեմարանը ստեղծվի, և ինքներս մեր ձեռքով՝ հլու-հնազանդ»,- պարզաբանել է Կարագյոզյանը։
Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են ներդրումային խարդախություններից տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնում և անվստահություն հայտնել Քննչական կոմիտեի ղեկավարությանը։
Կառավարությունն, իր հերթին, հերքել է այս մտահոգությունները՝ պարզաբանելով, որ համակարգը չի հավաքագրելու անձնական տվյալներ և ուղղված է բացառապես մաքսանենգության դեմ պայքարին:
Կառավարությունից, մեկնաբանելով նախագծի քննադատությունը, ընդգծել են, որ ստեղծվող համակարգը քաղաքացիների նկատմամբ «տոտալ թվային վերահսկողության» գործիք չէ։ Ըստ պարզաբանման՝ բազան ներառելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI-կոդը՝ առանց սեփականատիրոջ մասին որևէ տվյալի, ինչը բացառում է անձնական տվյալների արտահոսքը՝ նույնիսկ կիբերհարձակման դեպքում:
Կարգավորումը կտարածվի միայն 2027 թվականի հունվարի 1-ից հետո ներկրվող հեռախոսների վրա, իսկ Հայաստանում արդեն իսկ օգտագործվող բոլոր հեռախոսների IMEI-կոդերը բազայում կգրանցվեն ավտոմատ կերպով՝ առանց քաղաքացիների կողմից որևէ գործողության կամ վճարի:
Գործող բաժանորդների համար գրանցումն անվճար է, և տուրքը կգանձվի միայն համակարգի ուժի մեջ մտնելուց հետո ներկրված նոր սարքերի համար: Օրացուցային տարվա ընթացքում քաղաքացու կողմից առաջին անգամ ընթացիկ կամ նախորդ տարվա արտադրության հեռախոս ներկրելու և այն 90 օրվա ընթացքում գրանցելու դեպքում տուրքը կկազմի 3 000 դրամ, իսկ ավելի հին սարքերի համար տուրք չի գանձվի:
Միևնույն ժամանակ, տեղական շուկայից հեռախոս գնելիս IMEI-կոդի գրանցման պարտավորությունը կրելու է ներկրողը, այլ ոչ թե գնորդը, իսկ սահմանված սահմանափակումները չեն տարածվի օտարերկրյա զբոսաշրջիկների վրա, որոնք օգտվում են ռոումինգ ծառայությունից: Կառավարությունում հավելել են նաև, որ IMEI-կոդերի կարգավորման տարբեր մեխանիզմներ կիրառվում են նաև Եվրամիության երկրներում, թեև միասնական համաեվրոպական գրանցման համակարգ դեռևս գոյություն չունի:
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցումը նպատակ ունի ուժեղացնելու քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը, սակայն նախագիծը քաղաքացիներին հսկողության ենթարկելու նպատակ չունի։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) նախագծով՝ Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Այն կներառի հեռախոսների IMEI կոդերը, դրանց օգտագործողների, գործող SIM/eSIM համարների և սարքերի օրինական շրջանառության վերաբերյալ տվյալներ։ Նշենք, որ IMEI-ը յուրաքանչյուր բջջային հեռախոսի եզակի նույնականացման համարն է։ Այն հեռախոսի «անձնագիրն» է․ նույն IMEI-ով երկու օրինական հեռախոս չի լինում։




































