Հայաստանում բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգի ներդրման նախագիծը չի բավարարում անձնական տվյալների մշակման օրինականության և համաչափության սկզբունքներին, հայտնում են dpHub և CyberHub տվյալների պաշտպանության կենտրոնները։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) նախագծով՝ Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Այն կներառի հեռախոսների IMEI կոդերը, դրանց օգտագործողների, գործող SIM/eSIM համարների և սարքերի օրինական շրջանառության վերաբերյալ տվյալներ։
Եթե բաժանորդը սահմանված կարգով չգրանցի հեռախոսի IMEI կոդը, օպերատորը կարող է մերժել ծառայության մատուցումը։ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստան ներմուծված և արդեն օգտագործվող հեռախոսները կգրանցվեն ավտոմատ՝ առանց պետական տուրքի։
Կազմակերպությունները նշել են, որ նախագիծը չի համապատասխանում անձնական տվյալների մշակման օրինականության սկզբունքին։ Մասնավորապես, նրանց գնահատմամբ՝ պարզ չէ, թե նախագծի շրջանակում ինչ է նշանակում «հարկային վարչարարության արդիականացում», ինչպես է IMEI շտեմարանը կապվում կիբեռանվտանգության բարձրացման հետ, և ինչ իրավական նպատակ է հետապնդում սարքերի ամբողջական հետագծելիության ու կանխարգելիչ վերահսկողության ապահովումը։
dpHub-ը և CyberHub-ը նաև խնդիրներ են տեսել համաչափության սկզբունքի տեսանկյունից։ Նրանց դիտարկմամբ՝ հստակ հիմնավորված չէ, թե ինչու է անհրաժեշտ ընդհանուր շտեմարանում ներառել բոլոր անձանց արդեն իսկ օրինական շահագործվող բջջային հեռախոսների IMEI կոդերը։ Կազմակերպությունները նշել են, որ ստվերային ներմուծման դեմ պայքարի կամ գողացված հեռախոսների բացահայտման նպատակներին հնարավոր է հասնել ավելի սահմանափակ միջոցներով, առանց բոլոր օգտագործողների տվյալների կենտրոնացված հավաքագրման։
Դիտողություններում նշվում է նաև, որ նախագիծը չի տալիս բավարար պատասխաններ IMEI կոդերի կեղծման կամ փոխման հնարավորության վերաբերյալ։ Կազմակերպությունների գնահատմամբ՝ եթե հնարավոր չէ վստահելիորեն պարզել, որ IMEI կոդը կեղծված չէ, ապա նման շտեմարանի արդյունավետությունը ստվերային շրջանառության, մաքսանենգ ներմուծման կամ գողացված հեռախոսների դեմ պայքարում կարող է սահմանափակ լինել։
dpHub-ը և CyberHub-ը նաև նշել են, որ նախագծով սահմանված չէ, թե IMEI շտեմարանում տվյալները որքան ժամանակ պետք է պահպանվեն։ Նրանց գնահատմամբ՝ բոլոր տվյալների անժամկետ պահպանումը կարող է խնդրահարույց լինել անձնական տվյալների մշակման համաչափության տեսանկյունից։
Կազմակերպությունները նշել են նաև, որ նախագիծը չի նախատեսում բավարար երաշխիքներ տվյալների իրավունքների պաշտպանության համար։ Մասնավորապես, հստակ չէ, թե ինչպես է անձը կարողանալու շտկել կամ թարմացնել իր տվյալները, ինչպես է իրականացվելու տվյալների հեռացումը այն դեպքում, երբ հեռախոսը այլևս չի շահագործվում, վնասվել է, ոչնչացվել կամ վաճառվել է այլ անձի։
Կազմակերպությունների գնահատմամբ՝ նախագծի մշակման փուլում չի իրականացվել տվյալների պաշտպանության ազդեցության գնահատում։ Նման գնահատումը անհրաժեշտ էր՝ պարզելու տվյալների զգայունությունը, անձանց հետագծելիության, նպատակների սահմանազանցման և կենտրոնացված շտեմարանի նկատմամբ անօրինական միջամտության ռիսկերը։
dpHub-ը և CyberHub-ը եզրակացրել են, որ նախագծով նախատեսվող անձնական տվյալների մշակումը ներկայացված տեսքով իրավաչափ չէ, և հնարավոր չէ պնդել, որ առաջարկվող կարգավորումները պիտանի, անհրաժեշտ և չափավոր են նախագծի հնարավոր օրինական նպատակներին հասնելու համար։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես քննադատել է նախաձեռնությունը՝ կասկածի տակ դնելով նախագծի հեղինակների հղումները միջազգային փորձին։ Նրա խոսքով՝ IMEI կոդերի գրանցման նմանատիպ համակարգեր գործում են հիմնականում Թուրքիայում, Իրանում, Լիբանանում, Եգիպտոսում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ադրբեջանում, Թաջիկիստանում, Ինդոնեզիայում, Պակիստանում, Նեպալում, Կամբոջայում, Բանգլադեշում, Չիլիում, Կոլումբիայում, Մեքսիկայում և մի շարք այլ երկրներում։
Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ IMEI կոդերի գրանցումը բջջային սարքերի սեփականատերերին շատ ավելի վերահսկելի կդարձնի, քանի որ պետությունը հնարավորություն կունենա հեռախոսի IMEI-ը կապել ոչ միայն SIM քարտի, այլև անձնագրի տվյալների և սահմանի շարժի (սահմանը հատելու) տեղեկատվության հետ։
Փորձագետն արձանագրել է, որ, ըստ նախագծի, այն բջջային հեռախոսները, որոնց IMEI կոդերը պետական ռեգիստրում չկան, արգելափակվելու են։ Նրա կարծիքով՝ սա կարող է լրացուցիչ բարդություններ ստեղծել, մասնավորապես՝ օտարերկրյա զբոսաշրջիկների համար, որոնք ստիպված կլինեն Հայաստան ժամանելուց հետո գրանցել իրենց սարքերը՝ ցանցից անջատվելուց խուսափելու համար։
Մարտիրոսյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ օրինագիծը նախատեսում է պետական տուրքի սահմանում IMEI կոդերի գրանցման համար, սակայն դրա չափը գրված չէ։ Նրա գնահատմամբ՝ առաջարկվող միջոցառումներն անհամաչափ են դրված նպատակին՝ բջջային հեռախոսների սև շուկայի դեմ պայքարին, հատկապես երբ խոսքը փոքր քանակությամբ սարքերի ներկրումը կանխելու մասին է։
Նա նաև հայտարարել է, որ նախագիծը ենթադրում է անհամաչափ անձնական տվյալների հավաքագրում, որն անվերահսկելի է, և վերահսկողության մեխանիզմ չի տեսնում։






































