Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, հայտնում է Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնը։
Նշվում է, որ նրանք Բաքու են ժամանել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Ըստ հաղորդարգության՝ Հաջիևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը խաղաղության օրակարգի ամրապնդման ուղղությամբ։
Հայաստանից նախաձեռնության ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են նաև ադրբեջանցի Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։
Նշվում է, որ քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեդիա ոլորտում համատեղ աշխատանքի ակտիվացման, փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապերի հաստատման և խաղաղության գործընթացում քաղաքացիական հասարակությունների շարունակական ներգրավվածության վերաբերյալ։
Նոյեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել էին Ադրբեջանի մայրաքաղաք։ Տվյալ այցը տեղի է ունենում՝ որպես պատասխան ադրբեջանական պատվիրակության հոկտեմբերի 21-22-ը կատարած երևանյան այցի։
Հարցը ներառված էր ՀՀ կառավարության նոյեմբերի 20-ի նիստի օրակարգում: Նախագծում նշվել էր, որ նրանց մասնակցությունն ապահովելու համար նախատեսվում է կազմակերպել Երևան-Բաքու-Երևան չարտերային թռիչք՝ 17,55 մլն դրամ ֆինանսավորմամբ։
Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության խմբում էր նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ» Դիլարա Էֆենդիևան։






































