Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկման, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այս այցը տեղի է ունենում՝ որպես պատասխան ադրբեջանական պատվիրակության 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը կատարած երևանյան այցի։
Հարցը ներառված էր ՀՀ կառավարության նոյեմբերի 20-ի նիստի օրակարգում: Նախագծում նշվել էր, որ նրանց մասնակցությունն ապահովելու համար նախատեսվում է կազմակերպել Երևան-Բաքու-Երևան չարտերային թռիչք՝ 17,55 մլն դրամ ֆինանսավորմամբ։
Կառավարության աշխատակազմում ընդգծել են, որ «քննարկումը նպատակ ունի ակտիվացնել հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և ձևավորել երկու երկրների հասարակությունների միջև վստահության կառուցման գործնական մեխանիզմներ»։
Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության խմբում էր նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ» Դիլարա Էֆենդիևան։ Հայկական պատվիրակության կազմում ներառված էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը, ինչպես նաև իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ Ըստ ԶԼՄ-ների՝ նույն կազմն է մեկնել Բաքու։






































