Իշխանություններն ուր գնում են՝ պառակտում են, ինչը չի կարող երկարաժամկետ լինել, «Սուրբ Սարգիս» եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո լրագրողների հետ զրույցում նշել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մեկ մարդ չի կարող մեզ երկարաժամկետ պառակտել։ Կարճաժամկետ կարող է ինչ-որ բան անել, բայց երկարաժամկետ՝ ոչ։ Պառակտման վերջը պետք է դրվի»,- շեշտել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանում համերաշխության մթնոլորտը վաղ թե ուշ վերականգնվելու է։
Կարապետյանն անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների՝ իրեն ուղղված քննադատություններին։ Նրանք նախորդ կիրակի նույն եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատարագին գտնվող Կարապետյանի ներկայությունը «չստացված ակցիա» էին որակել։
Կարապետյանը, արձագանքելով, նշել է, որ իշխանությունները, մի բան պետք է ասեին։
«Վերջին 10 տարում ամեն կիրակի պատարագի եմ մասնակցում «Սուրբ Սարգիսում», միշտ աստիճանների վրա եմ նստում։ Իրենք պարզապես ինչ-որ բան պետք է ասեին, դա են ասել»,- նշել է նա։
Կարապետյանը նաև նկատել է, որ ի տարբերություն նախորդ պատարագի, որին ներկա էին իշխանությունները, այս կիրակի եկեղեցում այլ մթնոլորտ էր։
«Շատ ոգևորող է, որ կրկին համերաշխություն իջավ ժողովրդի վրա, մարդիկ համերաշխ, միասին պատարագի մասնակցեցին առանց որևէ հակադրության, առանց պառակտման, ինչպես միշտ մարդիկ հոգևոր սնունդ ստացան»,- հավելել է Կարապետյանը։
Նոյեմբերի 30-ին «Սուրբ Սարգիս» եկեղեցում տեղի ունեցած պատարագին զեղչվել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը, ինչից հետո նրա անունը հիշատակած Հովհաննես Իշխանյանին և Հայկ Դոլունցին ոստիկանները հեռացրել էին եկեղեցուց։ Քաղաքացիները, այդ թվում՝ Կարապետյանը, պատարագին հնչեցրել էին կաթողիկոսի անունը։
Կարապետյանը, նկատի ունենալով իշխանություններին, նոյեմբերի 29-ին գրել էր, որ չի պատրաստվում «քաղաքական տուրիստների պատճառով հրաժարվել 15 տարի շարունակ «Սուրբ Սարգիս» եկեղեցում պատարագին մասնակցելուց»։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։
Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ են Բագրատ, Միքայել և Արշակ արքեպիսկոպոսները, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Կալանքի տակ են նաև Գարեգին 2-րդի եղբայրն ու եղբորորդին։
Կարդացեք նաև՝





































