«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ վերջին 15 տարվա նման այս կիրակի ևս կմասնակցի Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցում մատուցվող պատարագին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոյեմբերի 30-ին «Սուրբ Սարգիս» եկեղեցում մասնակցելու է պատարագի։
Կարապետյանը շեշտել է, որ 15 տարվա մեջ գեթ մեկ անգամ չի տեսել Փաշինյանին պատարագի մասնակցելուց՝ չնայած նրա գրասենյակը («Հայկական Ժամանակ» թերթի) ընդամենը 50 մետր հեռավորության վրա է եկեղեցուց։
Շարժման համակարգողը մտածել է՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ կիրակի օրվա պատարագին, որտեղ «կլինեն հայրենիքի համար աղետաբեր մարդիկ և մի թույլ սրբազան»։
«Պատասխանը գտա․ գնալ։ Այս եկեղեցին իմ հոգևոր առողջարանն է, և քաղաքական տուրիստների պատճառով չպետք է հրաժարվեմ այնտեղից։ Իհարկե, դժվար կլինի կենտրոնանալ և հաղորդվել պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար։ Բայց կփորձեմ»,- հավելել է Կարապետյանը։
Փաշինյանը հոկտեմբերի վերջերից մասնակցում է կարգալույծ արված կամ եկեղեցու դեմ հանդես եկած հոգևորականների մատուցած պատարագներին։ Նա նոյեմբերի 9-ին մասնակցել էր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին: Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ - խմբ․) Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ Հովհաննավանքում ծեսեր էր մատուցել հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։
Դրանց նախորդել էր հոգևորականների կալանքների երկրորդ ալիքն Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Փաշինյանը նոյեմբերի 27-ին հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։
Կարդացեք նաև՝



























