Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը վերահաստատել է իրեն վերագրվող տեսանյութերի կեղծ լինելն ու հայտարարել, որ մինչև այդ իրեն 2 անգամ Ազգային անվտանգության ծառայություն են կանչել։ Արքեպիսկոպոսի ասուլիսն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Արքեպիսկոպոսը հայտնել է, որ իրեն ԱԱԾ են կանչել 2020-ից հետո հայտնած իր դիրքորոշումների հարցով, որոնցում քննադատել էր իշխանությունների քաղաքականությունը։ Հարցին՝ արդյոք իրեն շանտա՞ժ են արել ԱԱԾ-ում, Խաչատրյանն ակնարկել է «որոշ գործողություններ իրականացնելու» մասին։
«Հասկանալի է, ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի, ահաբեկչության ներշնչմամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից։ Որևէ տեղեկատվական տեռոր ու սպառնալիք չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որն ավելի մեծ մեղք է, քան այն, ինչը ես երբևէ կարող էի արած լինել։ Իմ կյանքում չեմ արել բաներ, որոնց համար ամաչեմ»,- շեշտել է նա՝ հավելելով, որ իրեն վերագրվող տեսանյութերը կապ չունեն իր կյանքի հետ։
Armenia Today-ն արքեպիսկոպոսին հարցրել է՝ եկեղեցու ներսում տարանջատումների համար իր մեղավորությունը տեսնո՞ւմ է, քանի որ իր անվան շուրջ սկսված պատմությունից հետո են սկսվել վերջին հայտարարությունները: Ի պատասխան՝ նա նշել է, որ հարցի պատասխանը միանշանակ չէ։
«Եթե ես պատասխանեմ, որ չեմ տեսնում իմ մեղավորությունը, պիտի տպավորություն ձևավորվի, որ ինչ-որ հրեշտակային վարքագծով անձ եմ, ես այդպիսի անձ չեմ։ Եթե պատասխանեմ՝ այո, տեսնում եմ իմ մեղավորությունը, պիտի տպավորություն ստեղծվի, որ այն մարդիկ, ովքեր արել են եկեղեցու դեմ գործողություն, դրա ամբողջ պատասխանատվությունը ես եմ կրում։ Դրա համար ես կասեմ և՛ այո, և՛ ոչ»,- ընդգծել է Խաչատրյանը։
Նա հավելել է, որ, հնարավոր է՝ իր ծառայության մեջ սայթաքել է, կարող է՝ դրսևորել է նաև որոշակի սխալներ, եկեղեցու դեմ գործողություն երբեք չի արել, որի համար կամաչեր։
«Չեմ արել որևէ գործողություն, որը կարող էր օգտագործվել իմ դեմ անել տալու համար մի բան, որն իմ համոզումներին դեմ է»,- ի պատասխան՝ շեշտել է նա։
Արքեպիսկոպոսը նաև հայտարարել է, որ իրեն վերագրվող տեսանյութերի ֆոնին այս պահին չի պատրաստվում հրաժարվել ծառայությունից։ Այդ համատեքստում նա նշել է, որ միջազգային փորձաքննության է դիմելու՝ պարզելու, թե ո՞վ է հորինել ու տարածել տեսանյութերը։ ՀՀ քննչական կոմիտեի եզրակացությանն արքեպիսկոպոսը չի հավատում և չի դիմելու ՔԿ-ին։
Խաչատրյանը դավաճանություն է անվանել հոգևորականների հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ հանդիպմանը նախորդել էր 9 արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որտեղ նրանք, նկատի ունենալով Խաչատրյանին վերագրվող տեսանյութերը, կոչ էին արել «մաքրել եկեղեցին սրբապիղծ հոգևորականից» և «խստագույնս դատապարտել» Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դիրքորոշումը:
Արշակ սրբազանը շեշտել է՝ հոգևորականների արարքն ուխտադրուժություն է, եթե նույնիսկ սպառնալիքների պատճառով են այդ քայլին գնացել։ Նա հայտարարել է, որ այդ արարքը համարժեք պատասխան է ստանալու՝ չբացառելով նաև կաթողիկոսի կողմից նրանց կարգալույծ անելու հնարավորությունը։
«Անկախ նրանից, թե ինչ գործոնների ազդեցության տակ է կատարվել այդ գործողությունը, դրանից գործողության բնութագիրը չի փոխվում՝ դավաճանությունն ուխտադրուժություն է։ Եկեղեցում ոչ թե պառակտում է, այլ պարզապես ջրեր են հոսում, ստեղծվել է իրավիճակ, երբ յուրաքանչյուրը հարկադրված հանդես գալ այնպիսի դեմքով, ինչպիսին նախընտրում է, ինչն ավելի ազնիվ է»,- նշել է նա։
Ամփոփելով՝ Խաչատրյանը նշել է, որ շարունակելու է հակադրվել Փաշինյանի քաղաքականությանը։
«Հնարավոր չէ համաձայնել մի քաղաքական խմբակի մոտեցումների ու քայլերի հետ, որը հետևողականորեն պատմական հիշողությունից հրաժարվելու, հարևանների բարյացակամությունը շահելու համար նրանց կողմից կարված շորերին հարմարվելու մարդահաճո մոտեցում է քարոզում։ Այս համատեքստում կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ ունենալու ցանկություն կա, որոնք հոգևոր ոլորտում իր (Փաշինյանի-խմբ․) հետաքրքրություններն ու շահերը պետք է սպասարկեն։ Քանի ես այս ասպարեզում եմ, քանի Գարեգին 2-րդն է կաթողիկոսը, այդպիսի մոտեցում չի լինելու»,- հավելել է նա։
Հոկտեմբերին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որին կից նշված էր, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է քեռակնոջ հետ»։ Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ:
Կարդացեք նաև՝
Դատախազությունն ընթացք է տվել Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի մասին հաղորդմանը
Օբյեկտիվ փորձաքննություն չի կատարվել․ փաստաբանը՝ Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութի մասին





































