Հովհաննես Իշխանյանին և Հայկ Դորունցին Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցող պատարագից բերման են ենթարկել, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։ Պատարագի ուղիղ միացումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Տարածված տեսանյութերից երևում է, որ նույն պատարագի ժամանակ զեղչվում է՝ չի հիշատակվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի անունը։ Կաթողիկոսի անունը չհնչեցնելուց հետո Իշխանյանն ինքն է բարձր ձայնով հնչեցնում վեհափառի անունը, ինչից հետո ոստիկանները նրան դուրս են բերում եկեղեցուց։
Տեսանյութերում նաև երևում է, թե ինչպես են ոստիկանները նրան բերման ենթարկում։
Ավելի ուշ ՀՀ ներքին գործերի նախարարութունից Armenia Today-ին մեկնաբանել են նրանց բերման ենթարկելու լուրը՝ նշելով քաղաքացիերին հեռացնելու պատճառը։
«Միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ երկու անձ տարածքից հեռացվել է։ Ձերբակալվածներ չկան»,- ասված է ՆԳՆ պատասխանում։
Armenia Today-ի թղթակիցն ավելի ուշ պատարագին ներկա Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից փորձել է ճշտել՝ ինչո՞ւ է զեղչվել կաթողիկոսի անունը։ Կճոյանը, սակայն, հարցի վերաբերյալ որևէ պատասխան չի տվել։ Armenia Today-ի թղթակցի նույն հարցից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես խուսափել է։
Նոյեմբերի 30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցող պատարագին մասնակցում է Փաշինյանը, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Պատարագին ներկա են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ, նախարարներ, պատգամավորներ։
Կարապետյանը, նկատի ունենալով իշխանություններին, նոյեմբերի 29-ին գրել էր, որ չի պատրաստվում «քաղաքական տուրիստների պատճառով հրաժարվել 15 տարի շարունակ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագին մասնակցելուց»։
Փաշինյանն ամիսներ է՝ պնդում է, որ կաթողիկոսը զավակ ունի և պետք է հեռանա Մայր Աթոռից։ Այս ամիսներին նա մասնակցում է այն հոգևորականների պատարագներին, ովքեր կարգալույծ են կամ եկեղեցու վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել։
Նոյեմբերի 27-ին նա հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի համար դատապարտող հայտարարությունը: Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Նյութը թարմացվել է 12։47-ին։
























