Պաշտպանության նախարարության (ՊՆ) պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգային իրադրությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Այվազյանը նաև պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերի։ Հանդիպման այլ մանրամասներ հայտնի չեն։
Հնդկական լրատվամիջոցները 2024 թվականի հուլիսին հայտնել էին, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներմուծողը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հնդկաստանից Հայաստանի զենքի ընդհանուր ներմուծումը 2024-25 ֆինանսական տարվա սկզբին հասել էր 600 մլն դոլարի։
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում բանակցություններ էր վարել Հայաստանի պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։ Կողմերը քննարկել էին երկու երկրի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները։
Հայաստանն ու Հնդկաստանն օգոստոսին ստորագրել էին պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







