Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դեռևս արգելված է լքել երկիրը, հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Փաստաբանական թիմը պահանջել է անհապաղ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը և վերացնել սահմանափակումը։
Փաստաբանների խոսքով՝ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ գործով դատավորների ինքնաբացարկներն ու գործը դատարանից դատարան փոխանցելը փաստացի երկարաձգում է Գարեգին Բ-ի տեղաշարժի սահմանափակումը։
«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել քրեական այս հետապնդումը և վերացնել կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը՝ հնարավորություն տալով նրան այցելել աշխարհասփյուռ իր համայնքներին և լիարժեք կատարել հովվապետական պարտականությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Պաշտպանական կողմի ներկայացմամբ՝ կաթողիկոսին մեղադրանք է առաջադրվել եպիսկոպոսին կարգալույծ հռչակելու առնչությամբ։ Դատախազությունն այդ գործողությունը դիտարկել է որպես քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատական ակտի կատարման խոչընդոտում։
Փաստաբանները պնդում են, որ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը կաթողիկոսի բացառիկ կանոնական լիազորությունն է, իսկ այդ հարցին դատական միջամտությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը։ Նրանց գնահատմամբ՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի նախնական դատալսումների փուլում։
Հայտարարության հեղինակները նաև իշխանություններին մեղադրել են եկեղեցու առաջնորդին վարկաբեկելու և եկեղեցու նվիրապետության նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու ձգտման մեջ։ Նրանց պնդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի գործողությունները թիրախավորում են ոչ միայն կաթողիկոսին, այլև եկեղեցու ինքնակառավարման համակարգը։
Որպես իրենց գնահատականի հիմնավորում՝ փաստաբանները թվարկել են «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրերից հեռացնելը, բանակից և քրեակատարողական հիմնարկներից հոգևորականներին հեռացնելը, պատարագի ծիսակարգը փոփոխելու փորձերը, իրենց բնորոշմամբ՝ եկեղեցիների «զավթումը», ինչպես նաև եկեղեցու նոր կանոնադրություն մշակելու և կաթողիկոսին փոխելու ծրագրերն ու հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումները։
Փաստաբանական թիմը շեշտել է, որ եկեղեցու ինքնավարությունը պաշտպանված է ՀՀ սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով՝ այն կապելով նաև հավատացյալների կրոնական ազատության հետ։
Փաստաբանները միջազգային հանրությունից ակնկալում են հստակ հրապարակային արձագանք և դատավարության անկախ դիտարկում՝ կրոնական ազատության, եկեղեցու ինքնավարության և արդար դատաքննության երաշխիքների պահպանման նպատակով։
Իշխանություն-եկեղեցի հակադրությունը սրվել էր 2025 թվականի մայիսի վերջին, երբ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցրել կաթողիկոսի հասցեին և պահանջել, որ նա հեռանա։
Հունվարին Փաշինյանն արդեն հայտնել էր համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նոր կաթողիկոսի ընտրության գործընթաց կազմակերպելու համար։ Կաթողիկոսի հեռացումն ու եկեղեցու «բարենորոգումը» ներառվել էին կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։
Փետրվարին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ, կիրառվել էր երկրից բացակայելու արգելք։ Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականի մեղադրում են դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար՝ կապված կարգալույծ արված Գևորգ Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մնալու հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







