Արգելվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելքը Հայաստանից, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա մանրամասնել է, որ ՀՀ գլխավոր դատատախազությունը քրեական հետապնդում է հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
«Փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- նշել է փաստաբանը։
Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսները հունվարի 21-ին կոչ էին արել չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը՝ հրաժարվելով մասնակցելուց։
Ամենայն Հայոց կաթողիկոսը հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։





































