ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման համակարգող խորհրդի ստեղծման մասին։
Փաշինյանն ընթերցել է համատեղ հայտարարության տեքստն ու նշել բոլոր ստորագրողների անունները, ապա հրապարակել փաստաթղթի լուսանկարները:
Հայտարարությունն ստորագրել են վարչապետը և տասը եպիսկոպոս (որոշ ստորագրություններ հաստատվել են հեռավար կարգով), որոնք էլ ընդգրկվել են Համակարգող խորհրդի կազմում:
Այս մարմինը կզբաղվի բարենորոգումների կազմակերպմամբ. ինչպես պնդում են ստորագրողները՝ նպատակն է վերականգնել եկեղեցու ներքին միասնությունն ու նախապատրաստել Ամենայն Հայոց կաթողիկոսի նոր ընտրություն:
Ըստ հեղինակների՝ գործընթացը «պայմանավորված է հոգևոր կյանքի ճգնաժամով և եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու անընդունելի փորձերով»:
Բարենորոգման ճանապարհային քարտեզը նախատեսում է եկեղեցու փաստացի առաջնորդի՝ Գարեգին Բ վեհափառի հեռացում (հանգստի կոչում), կաթողիկոսական տեղապահի ընտրություն և նոր կանոնադրության ընդունում:
Վերջինս պետք է հիմնված լինի ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման հստակ մեխանիզմների վրա:
Փաշինյանը դեկտեմբերի 27-ին կոչ էր արել բողոք հայտնել Հայ Առաքելական եկեղեցու պատարագի ժամանակ, եթե լսվի Գարեգին Երկրորդի անունը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցապատկան «Շողակաթ» հեռուստաընկերությունը։






































