Հուլիսի 31-ի առավոտյան իրավապահները խուզարկություն են սկսել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի տանը, Armenia Today-ին հայտնել են աղբյուրները։
Իրավապահ մարմինները դեռևս չեն հրապարակել քննչական գործողությունների մանրամասները։
Armenia Today-ը հարցումներ է ուղարկել Քննչական կոմիտե, Գլխավոր դատախազություն և Հակակոռուպցիոն կոմիտե։
Կարապետյանի նկատմամբ քննչական գործողություններն իրականացվում են Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Գերատեսչությունում հաստատել են խուզարկությունների իրականացման փաստը, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել։
Կարապետյանը խուզարկությունից հետո հայտարարել է, որ իրավապահները ոչինչ չեն առգրավել։ Այլ մանրամասներ նա չի հայտնել՝ վկայակոչելով նախաքննության հետ կապված սահմանափակումները։ Դաշինքի ցուցակի առաջին համարը տեղի ունեցողը որակել է որպես քաղաքական հետապնդում։ Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են սահմանափակել այն քաղաքական գործիչների գործունեությունը, որոնք չեն մտնում իրենց վերահսկողության տակ գտնվող ուժերի շարքը։
«Փաստորեն՝ արգելվում է քաղաքականությամբ զբաղվել, ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներից»,- հայտարարել է Կարապետյանը։
Անդրադառնալով իր հնարավոր կալանավորման վերաբերյալ նոր միջնորդությանը՝ Կարապետյանը նշել է, որ խորհրդարանում երկրորդ խոշոր քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի ազատության սահմանափակումը կլինի աննախադեպ դեպք։ Նա նաև անդրադարձել է դաշինքի ներկայացուցիչ Ալեքսանյանի կալանքի երկարաձգմանը՝ դատարանի որոշումը կանխատեսելի անվանելով։ Կարապետյանի խոսքով՝ Ալեքսանյանը շարունակում է բարձր տրամադրությամբ պայքարել և տրամադրված է «վերջնական հաղթանակի»։ Կարապետյանը հավելել է, որ թիմակիցները մտահոգված են Ալեքսանյանի համար, սակայն նրա հիմնական մտահոգությունն այն է, որ թիմը հասնի իր առջև դրված նպատակին։
Խուզարկությունից հետո Կարապետյանը ներկայացրել է նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի մարտավարությունը նոր խորհրդարանում։ Նրա խոսքով՝ դաշինքը պատրաստվում է հավակնել Ազգային ժողովի այն մշտական հանձնաժողովների ղեկավարությանը, որոնք հնարավորություն կտան վերահսկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը։
Հնարավոր է՝ դիտարկենք դրանք վերցնելու տարբերակը՝ աշխատանքների նկատմամբ վերահսկողության գործառույթ իրականացնելու համար, սակայն չեմ ցանկանում մանրամասներ հայտնել։ Եթե այսօր հայտարարեմ, թե որ հանձնաժողովներն են մեզ համար առաջնահերթ, նրանք կարող են հենց այդ հանձնաժողովները վերցնել»,- ասել է նա։
Կարապետյանը հայտնել է, որ դաշինքն արդեն նախնական պատկերացում ունի ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների ղեկավարների թեկնածուների վերաբերյալ։ Վերջնական որոշումը խմբակցությունը կկայացնի Ազգային ժողովի առաջին նիստից մի քանի ժամ առաջ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։ Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին։ Կարապետյանը հաստատել է, որ մասնակցելու է նիստին։
Նա նաև հայտարարել է, որ դաշինքի ներկայացուցիչները պատրաստ են այդ օրը հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։ Կարապետյանի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդն ունի առաջին նիստին ներկա գտնվելու օրինական իրավունք, իսկ քաղաքական գործիչները չպետք է միջամտեն եկեղեցու գործերին։
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը Կարապետյանի տան խուզարկությունը որակել է իշխանությունների կողմից դրսևորվող վախի արտահայտություն։ Նրա խոսքով՝ սա Կարապետյանի տան արդեն երրորդ խուզարկությունն է։ Ղազինյանը ենթադրել է, որ քննչական գործողությունները կապված են այն քրեական վարույթի հետ, որի շրջանակում ԿԸՀ-ն ավելի վաղ համաձայնություն էր տվել մեղադրանք ներկայացնել Կարապետյանի նկատմամբ, սակայն հրաժարվել էր համաձայնություն տալ նրա կալանավորմանը։
«Վախ, ուրիշ ոչ մի բան։ «Հաղթող» իշխանության հերթական վախերն են»,- հայտարարել է Ղազինյանը։
Նա նաև չի բացառել, որ նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո Գլխավոր դատախազությունը պատգամավորներից կարող է պահանջել համաձայնություն տալ Կարապետյանի կալանավորմանը։ Միաժամանակ, Ղազինյանը խորհուրդ է տվել հարցը խորհրդարանի քննարկմանը չներկայացնել, քանի որ, նրա կարծիքով, գործի հրապարակային քննարկումն այն կվերածի «ծաղրի առարկայի»։ Ղազինյանը հայտարարել է, որ խուզարկությունները, կալանավորումները և գաղտնալսումները չեն ճնշում դաշինքի ներկայացուցիչներին։ Նա իրավապահների գործողությունները որակել է որպես պետական ռեսուրսների անարդյունավետ ծախս և հայտարարել, որ դրանք իրականացվում են «մեկ անձի» քաղաքական հրահանգով։
Հուլիսի 21-ին՝ ԱԺ ընտրություններում պատգամավոր դարձած թեկնածուների մանդատների բաշխման օրը, դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել Կարապետյանին մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու համաձայնության միջնորդություններ։
Նույն օրն՝ ավելի ուշ, «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ միջնորդությունը կապված է դաշինքի ներկայացուցիչ Ալեքսանյանի դեմ առաջադրված մեղադրանքի հետ, որով նա ներկայումս կալանքի տակ է։
Հուլիսի 22-ին ԿԸՀ-ն համաձայնություն էր տվել Կարապետյանին մեղադրանք առաջադրելու միջնորդությանը։ Երկրորդ միջնորդությունը՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնության մասին, ԿԸՀ-ն վերադարձրել էր դատախազությանը՝ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս լինելու հիմքով։
Հուլիսի 22-ին դատախազը Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել՝ հավաք անցկացնելուն կամ մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կասկածներով։ Կարապետյանը հայտարարել էր, որ հետապնդումը չի ստիպի իրեն հրաժարվել քաղաքական գործունեությունից։ Դաշինքում նրա նկատմամբ գործընթացը քաղաքական են համարել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







