Ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին, հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Փաստաբանը հիշեցրել է նախընտրական շրջանում, ընտրությունների օրը և դրանից հետո արձանագրված խախտումները։ Նա նշել է, որ Սահմանադրական դատարանը միակ մարմինն է, որն իսկապես բացառիկ լիազորությամբ է օժտված ընտրական վեճերի հարցով։
Սակայն, նրա խոսքով, Սահմանադրական դատարանի այսօրվա կազմը, ցավոք, անկողնակալության, անկախության լրջագույն խնդիրներ ունի։
«Պատահական չէ, որ Սահմանադրական դատարանը հենց իր նախաձեռնությամբ արդեն երկու դատավորի մասնակցությունն անհնարին է համարել այս ընտրական վեճով, բայց կա դատավոր, որի վերաբերյալ, փաստորեն, նման որոշում չի կայացվել»,- ասել է Վարդևանյանը։
Հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին վիճարկել էին քվեարկության արդյունքները ՍԴ-ում՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Որպես այլընտրանք՝ առաջարկվել է անցկացնել երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ էլ մանդատների բաշխման այլ կարգ կիրառելու առաջարկներ։ ՍԴ-ն ավելի ուշ միավորել էր ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը։
Դատարանը հունիսի 22-ին որոշել էր, որ գործի քննությանն անհնարին է դատավորներ Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը։ Զեյնալյանը 2018-2019 թվականներին զբաղեցրել էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ Վարդանյանը մինչ ՍԴ դատավոր դառնալը՝ ՔՊ պատգամավոր էր։
«Հայաստան» դաշինքը պահանջել էր անհնարին ճանաչել նաև Սաֆարյանի մասնակցությունը գործի քննությանը, քանի որ Սաֆարյանը 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու էր, իսկ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքն այժմ նույնպես ՍԴ դիմումատու է։ ՍԴ-ն Սաֆարյանի մասնակցությունն անհնարին ճանաչելու մասով հիմքեր չէր տեսել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







