Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից յոթը դիմումներ են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քվեարկության արդյունքները։ Դիմումների ընդունման ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
ՍԴ-ից տեղեկանում ենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներ են ներկայացրել «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Նոր ուժ» կուսակցությունները, ինչպես նաև «Հայաստան» ու «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքները։
Այսօր ավելի վաղ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ էին ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Միասնության թևեր» կուսակցությունը։
ԲՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել է, որ պահանջել են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Նա պարզաբանել է, որ անվավեր ճանաչելու դեպքում ՍԴ-ն կարող է 3 որոշում կայացնել, որոնցից ուժը պահանջել է 2-ը՝ կամ ամբողջությամբ անվավեր ճանաչել արդյունքներն ու ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն նշանակել։ Բացի այդ, ԲՀԿ-ն, որպես այլընտրանք, պահանջել է մանդատների բաշխման այլ կարգ, որով կուսակցությունը կանցնի ԱԺ։ Նա շեշտել է, որ կա նաև 3-րդ տարբերակը՝ ընտրությունների երկրորդ փուլ անցնկացնելը, բայց ԲՀԿ-ն 2-րդ փուլի պահանջ չի ներկայացրել։
«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը նշել է, որով պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Նա ընդգծել է, որ դիմումի հիմքում ընտրությունների օրինականության վերաբերյալ իրենց ունեցած կասկածներն են։ Կարապետյանը մատնանշել է, որ վարչական ռեսուրսի համատարած կիրառումը և արձանագրված մյուս խախտումները կասկածի տակ են դնում իշխող ուժի լեգիտիմությունը։
«Հիմնավոր կասկած ունենք, որ այս պայմաններում ձևավորվող իշխանությունների լեգիտմությունը հարցականաի տակ է դրվում, և դրա համար դիմում ենք ՍԴ», լրագրողներին ասել է Կարապետյանը։
«Հայաստան» դաշինքը նույնպես պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
«Այս ընտրությունների արդյունքները հարկավոր է զրոյացնել, իսկ Հայաստանի փրկությունը գործող իշխանություններից ձերբազատվելու մեջ է»,- հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
«Հանուն Հանրապետություն» կուսակցությունը,, որը նույնպես դիմել է ՍԴ, ավելի վաղ հայտնել էր, որ դատարանում բարձրացնելու է ընտրակաշառքի՝ ընտրությունների արդյունքների վրա ունեցած համակարգային ազդեցության հարցը։
Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների վերջնական արդյունքներով 18 քաղաքական ուժերից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):
Կարդացեք նաև՝
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում
Թարմացված է՝ 19.05.2026 | 18։02




































