Սահմանադրական դատարանը (ՍԴ) միավորել է քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները վիճարկելու մասին դիմումները, հայտնել են ՍԴ-ից։
Դիմումներ էին ներկայացրել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան» և «Նոր ուժ» կուսակցությունները, ինչպես նաև «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքը։
Քաղաքական ուժերը վիճարկում են ԿԸՀ-ի հունիսի 14-ի՝ «ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշումը։
Հաշվի առնելով, որ բոլոր գործերը վերաբերում են նույն հարցին, Սահմանադրական դատարանը դրանք միավորել է մեկ վարույթում։ Նիստը նախատեսում են անցկացնել հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին։
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Դատաքննությունը կանցկացնեն բանավոր ընթացակարգով։
Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել էր ձայների 3,893% և չէր հաղթահարել 4% անցողիկ շեմը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով 18 քաղաքական ուժերից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերանայել քվեարկության արդյունքները։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ երկրորդ փուլ նշանակել, «Միասնության թևեր» կուսակցությունը՝ անվավեր ճանաչել արդյունքներն ու կրկնակի քվեարկություն անցկացնել, իսկ «Նոր ուժ»-ը՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները՝ քվեարկության օրինականության վերաբերյալ ունեցած կասկածների հիմքով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պնդում է կամ ամբողջությամբ անվավեր ճանաչել արդյունքներն ու ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն նշանակել, կամ կիրառել մանդատների բաշխման այլ կարգ։
«Հայաստան» դաշինքը նույնպես պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ քվեարկության արդյունքները հարկավոր է զրոյացնել։ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքը մտադիր է դատարանում բարձրացնել ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ունեցած համակարգային ազդեցության հարցը։ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունում պնդում են, որ արձանագրված խախտումներն էականորեն ազդել են ընտրողների իրական կամարտահայտման վրա։
Կարդացեք նաև՝
Նարեկ Կարապետյանը ՔԿ-ից պահանջել է հերքել իր 2-րդ քաղաքացիության մասին տեղեկությունը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին տարածված և իրականությանը...






















