Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը Armenia Today-ին հայտնել է ևս 5 հոգևորականի՝ Քննչական կոմիտե բերման ենթարկելու մասին։
Հոկտեմբերի 15-ի առավոտյան նա Armenia Today-ին տեղեկացրել էր Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանի ձերբակալության և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տան խուզարկության մասին։
«Բերման են ենթարկվել նաև Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդը»,- քիչ առաջ տեղեկացրել է Արթենյանը։
Նա հավելել է, որ թեև Արագածոտնի թեմի առաջնորդը բերման ենթարկվածի կարգավիճակ ունի, բայց նրա գտնվելու վայրը հայտնի չէ։
Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ սրբազանին բերման են ենթարկել՝ նրանց բնակարանները խուզարկելուց հետո: Նա հավելել է, որ բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ։
Նշենք, որ բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ է և կարող է փոփոխվել, քանի որ փաստաբանն օրվա ընթացքում նոր տեղեկություններ է փոխանցում։
Արագածոտնի թեմի առաջնորդի տան խուզարկությունը կարող է կապված լինել նույն մարզում գտնվող Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ 2021-ին «ընդդիմության ցույցերին ստիպողաբար և հրահանգով մասնակցելու» վերաբերյալ հայտարարությունների մասով Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի հետ։ Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը կաթողիկոս Գարեգին 2-րդի քրոջ որդին է։
Սեպտեմբերի 1-ին Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ խոսելով եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին։ Սեպտեմբերի 2-ին տեղեկացրել էր, որ սպառնալից ակնարկներով փորձել են իրեն լռեցնել։ Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Տեր Արամի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Սեպտեմբերի 12-ին Արագածոտնի թեմը հայտնել էր քահանային կարգապահական նկատողություն հայտարարելու մասին, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել հարցազրույցում նրա հնչեցրած հայտարարությունները։



























