Մի շարք տներում կատարվել են քննչական գործողություններ, ձերբակալվել է մեկ անձ՝ սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին։
Մի շարք տներում քննչական գործողություններ կատարելու մասին ՔԿ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին հոկտեմբերի 8-ին։ ԶԼՄ-ները գրել էին, որ խուզարկել են Մերձավան համայնքի նախկին ղեկավար, «Քաղաքացիական պայմանագրից» Մհեր Ախտոյանի տունը։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Հարությունյանը:
2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։






































