ՀՀ Քննչական կոմիտեից մեկնաբանել են Մերձավանի տներում խուզարկությունների մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը։
Կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի շարք տներում կատարվում են քննչական գործողություններ։
Ավելի վաղ Armlur-ը գրել էր, որ Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով իրավապահները խուզարկել են Մերձավան համայնքի նախկին ղեկավար, «Քաղաքացիական պայմանագրից» Մհեր Ախտոյանի տունը։
ՔԿ-ից չեն հստակեցրել, թե ում տանն են անցկացրել քննչական գործողություններ՝ ընդգծելով, որ անձանց հետ կապված որևէ տեղեկատվություն չեն տրամադրում։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Հարությունյանը:
2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։



































