Իրավապահ մարմինները Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալել են Նարեկ Օհանյանին, ներգրավված են այլ անձինք ևս, հայտնում է Armlur.am-ը։ Նա 7 ամիս առաջ Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։
Թերթը, հղում անելով աղբյուրներին, նշել է, որ ենթադրյալ մյուս կասկածյալներն անցել են 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների գործով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Մերձավան համայնքի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի թիմակիցներն են։
ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել են, որ այս պահին չեն մեկնաբանի Փարաքարի համայնքապետի սպանության գործով ձերբակալության վերաբերյալ տեղեկատվությունը։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին: Գրիգորյանը Փարաքարի ղեկավար էր ընտրվել մարտին կայացած ընտրությունների արդյունքներով։ ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել։ ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը տեղեկացրել էր, որ գործով ձերբակալվածներ չկան։



























