Փարաքարի համայնքապետի սպանության գործով ձերբակալված երկու անձինք էլ կալանավորվել են, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Սպանության կասկածանքով կալանավորվել էր Նարեկ Օհանյանը, իսկ ավելի ուշ ձերբակալվել էր նրա ընկեր, 20-ամյա Գևորգ Հարությունյանը։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել, սեպտեմբերի 27-ին հայտնել էր գործը բացահայտելու մասին։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ձերբակալված անձն Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը և Մերձավանի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին։
2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։





























