Ուժային կառույցները «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տան մոտ բերման են ենթարկել ավելի քան 50 մարդու, պահել նրանց սահմանված ժամկետից երկար և կիրառել անհամաչափ հարկադրանքի միջոցներ, ՔԿ շենքի դիմաց հայտարարել է Կարապետյանի փաստաբաններից Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ խախտվել է նաև բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:
«Համոզված ենք և ընթացքում բոլորդ էլ կհամոզվեք, որ և՛ քրեական վարույթ նախաձեռնելը, և՛ հարկադրանքի միջոց կիրառելը, և՛ հանրային քրեական հետապնդում հարուցելը, ինչպես նաև մեղադրանք ներկայացնելը կրում են բացարձակ ապօրինի բնույթ: Ինչպես Կարապետյանը հայտարարել է վարութային գործողությունների ընթացքում, աբսուրդի ժանրից է»,- ասաց Հակոբյանը:
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։