Փաստաբան Արամ Վարդևանյանը պարզաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու թույլտվության շուրջ ստեղծված իրավիճակը։
Նա նշել է, որ քննությունն այս հարցի վերաբերյալ թույլտվություն է տվել դատարանի համապատասխան որոշումից և վարչապետի այսօրվա հայտարարություններից հետո։
Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերով։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել թույլատրել Կարապետյանին կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Facebook սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ։
Ըստ գերատեսչության՝ Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով ստացվել էր 2026 թվականի մարտի 18-ին։
Նրա խոսքով՝ ՔԿ տեղեկատվությունը տարածվել է լրատվամիջոցներով, սակայն միջնորդությունը ներկայացրած կողմին փաստաթուղթը դեռ չի տրամադրել։
Վարդևանյանը հիշեցրել է, որ սահմանափակումների շուրջ իրավական գործընթացն սկսվել էր դեռևս մարտի 13-ին, երբ քննարկվում էր Կարապետյանի՝ տնային կալանքը երկարաձգելու հարցը։
«Դատական նիստի ընթացքում նույնիսկ առաջարկեցի մի պահ ընդմիջենք և, ինչպես ասում էր գործադիր իշխանության ղեկավարը, Ֆեյսբուքի ուղիղ եթերի ձևաչափով ներկայացնենք այն ամենը, ինչ կատարվում է, բայց ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը նման թույլտվություն մեզ չտրամադրեցին»,- հավելել է փաստաբանը։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է: Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:



































