«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը զրպարտության հիմքով հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Armenia Today-ին փաստաբան Վարդան Ալոյանը հայտնել է, որ հայցը ներկայացրել են նոյեմբերի 23-ին և այն կապված է Կարապետյանի հասցեին Փաշինյանի՝ նոյեմբերի 19-ի ճեպազրույցի ժամանակ հնչեցրած խոսքերին։
Փաշինյանը հայտարարել էր, թե «Կարապետյանը պետական բյուջեից 9 մլրդ դրամ է գողացել և յուրացրել, ինչ բարերար՝ գող է»։
Ալոյանը տեղեկացրել է, որ Փաշինյանի խոսքերը զրպարտություն են համարում և պահանջում են հրապարակային հերքել այն իր Facebook-ի էջով կամ լրատվամիջոցներով։
«Պահանջել ենք հերքել տեղեկությունը և փոխհատուցել 6 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնաս, ինչպես նաև դատական ծախսերը։ Թե ինչ 9 մլրդի մասին է խոսքը՝ թող Փաշինյանը և դատարանում ապացուցի»,- հավելել է փաստաբանը։
Կարապետյանը Փաշինյանի դեմ դատական հայց էր ներկայացրել նաև սեպտեմբերին՝ պահանջելով հրապարակային ներողություն և 3 մլն դրամի փոխհատուցում։ Հայցի հիմքում վարչապետի՝ մայիսի 29-ի հրապարակային ելույթի ժամանակ Կարապետյանի հասցեին հնչեցրած արտահայտություններն էին, որոնք հայցվորը վիրավորական էր համարել։
Կարապետյանը մայիսին դատական հայցեր էր ներկայացրել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հանրային հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով հերքում և հրապարակային ներողություն, իսկ ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանից՝ հերքում և 6 մլն դրամի փոխհատուցում։
Փաշինյանն իր հերթին մայիսին և հունիսին երկու դատական հայց էր ներկայացրել Կարապետյանի դեմ՝ հալյուցինոգեն սնկերի ենթադրյալ օգտագործման և Կանադայում տուն ունենալու վերաբերյալ հայտարարությունների համար։ Յուրաքանչյուր հայցով վարչապետը պահանջել էր հերքում և 6 մլն դրամի փոխհատուցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







