Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ խոսել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանի կողմից կիրառված տնային կալանքի պայմանների մասին:
Վարդևանյանն ընդգծել է, որ տնային կալանքը նաև խիստ խափանման միջոց է, որի դեպքում ինտենսիվ կերպով կկիրառվեն շփման սահմանափակումներ: Փաստաբանի խոսքով՝ Կարապետյանը կկարողանա շփվել բացառապես մերձավոր ազգականների հետ, և խոսքի ազատությունը նույնպես կսահմանափակվի: Նշելով, որ պաշտպանությունը դեռևս չի ստացել դատարանի որոշման ամբողջական տեքստը, Վարդևանյանը հայտարարել է, որ հնարավոր բողոքարկման վերաբերյալ որոշումը կկայացվի փաստաթուղթն ստանալուց հետո:
Փաստաբանը նաև նշել է, որ դատարանի որոշման համաձայն՝ Կարապետյանը պետք է անմիջապես դատարանի դահլիճում ազատ արձակվեր կալանքից և տեղափոխվեր տնային կալանքի, ինչը չի արվել: Դրա փոխարեն գործարարը հետ է տարվել քրեակատարողական հիմնարկ, որտեղից էլ տեղափոխվել է տնային կալանքի: Վարդևանյանի խոսքով՝ այս նախաձեռնությամբ հանդես է եկել քննչական խմբի ղեկավարը:
Փաստաբանը նաև նշել է, որ նրան տնային կալանքի տեղափոխելու ուշացումը պայմանավորված էր ազատական լրացնելու անհրաժեշտությամբ, որը, սովորաբար, չի լրացվում դատարանի դահլիճից ազատ արձակելու դեպքում։
Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերի 30-ին բավարարել էր պաշտպանության կողմի միջնորդությունը, և Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր տնային կալանք և գրավ։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:

































