ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը չի հերքել պնդումը, թե Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ղազախական 4-րդ կարգի ցորենը կարող է միայն որպես անասնակեր ծառայել։
Նա նշել է, որ ոչ ոք չէր խոստացել, թե Ղազախստանից լավ ցորեն է գալու։ Ըստ փոխնախարարի՝ այս պահին կարևորը ճանապարհների դիվերսիֆիկացիան է։
«Այդպիսի ցորեն էլ է պետք ՀՀ-ին։ Ցորենը ցորեն չի՞, կենդանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս։ Լավ է, որ ճանապարհները դիվերսիֆիկացվում են։ Այսօր անասնակեր է եկել, կյանքը ցույց կտա՝ վաղը բարձրակարգ ցորեն կգա՞, բայց պարզ է, չէ՞, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում՝ պետությունը բացվում է»,- արձագանքել է նախարարը։
Միևնույն ժամանակ՝ նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից եկած ցորենը բարձրակարգ է։
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով դեպի Հայաստան ղազախական ցորեն փոխադրելու որոշման մասին, ինչը ողջունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ Ադրբեջանը հաստատել էր իր տարածքով ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։
Նոյեմբերի 6-ին ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել էր Հայաստան, նոյեմբերի 8-ին՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը։ Հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը ժամանակավրեպ էր համարել խոսակցությունները, թե ղազախական ցորենի Հայաստան գալով հացի, ապա նաև այլ մթերքների գինը նվազելու է: Ավելի ուշ Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորը հայտնել էր, որ Հայաստան 4-րդ կարգի ցորեն է ներկրվել։





































