Ադրբեջանը հաստատել է ռուսական արտադրանքի տարանցման հնարավորությունն Ադրբեջանի երկաթուղիներով դեպի Հայաստան, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի հաստատումը ռուսական կողմն ստացել է 2 օր առաջ։
«Երկու օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց, որ հնարավոր է օգտագործել Ադրբեջանի երկաթուղիները ռուսական արտադրանքն Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու համար։ Այս ուղղությամբ արդեն նկատում ենք հետաքրքիր առաջընթաց»,- նշել է Օվերչուկը։
Նա տեղեկացրել է, որ ներկայումս «Ռուսական երկաթուղիները» համագործակցում են տարածաշրջանի գործընկերների հետ՝ փոխադրումների կազմակերպման նպատակով։
«Միաժամանակ՝ Գյուղատնտեսության նախարարությունն ստացել է համապատասխան հանձնարարականներ՝ նոր լոգիստիկ երթուղին ուսումնասիրելու և գործարկելու ուղղությամբ»,- նշել է փոխվարչապետը։
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ղազախական ցորեն փոխադրելու որոշման մասին, ինչը ողջունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




































